Տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

2018-07-10

1 ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար, խորհրդի նախագահ Արթուր Խաչատրյանը։

 

Նիստի սկզբում օրակարգի առաջին կետով ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսական քաղաքականության  առաջնահերթություններն ու զարգացման առաջիկա տեսլականը։  Նախարարի խոսքով՝  առաջնահերթ մոտեցումներից է լինելու ավելացնել պետության կարգավորիչ դերը գյուղատնտեսության ոլորտում։ Արթուր Խաչատրյանը կարևորել է պետական սուբսիդավորման քաղաքականության մեջ նոր,  առավել արդյունավետ մոտեցումների կիրառումը։ Նա հավելել է, որ քննարկվող տարբերակներից է  վերջնական սպառողին աջակցության տրամադրումը՝ վերահսկման մեխանիզմների ներդմամբ, մյուս տարբերակը՝ փոքր տնայնագործական տնտեսություններին աջակցումը։

 

Նախարարը  տեղեկացրել է նաև, որ ուշադրության կենտրոնում է լինելու գյուղատնտեսական արժեշղթաների զարգացումը, օգտագործվող հողատարածքների ծավալների ավելացումը, օրգանական և բարձրարժեք գյուղատնտեսությունը։

 

«Հոկտեմբերին կսկսեն խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման աշխատանքները, իսկ  մյուս տարվա սկզբից կմեկնարկի գյուղապահովագրության պիլոտային ծրագիրը. ընտրվել են Արմավիրի և Արարատի մարզերում ՝ խաղողը և պտուղը և Շիրակի մարզում՝ հացահատիկն ու կարտոֆիլը, որոնք կապահովագրվեն կարկուտի և ցրտահարության ռիսկերից»,- նշել է Արթուր Խաչատրյանը։

 

Նախարարն անդրադարձել է նաև գյուղացիական վարկերի տույժ-տուգանքների զիջման՝ կառավարության նախաձեռնությանը՝ շեշտելով, որ որոշումը վերաբերում է մինչև 2018թ. մայիսի 1-ը կուտակված ժամկետանց պարտավորությունների գծով տույժ-տուգանքների  դուրսգրմանը։

 

Նախարարը խորհրդի անդամներին տեղեկացրել է  նաև, որ վերջերս  աշխատանքնային այցով Արցախի Հանրապետությունում էր, որտեղ հանդիպումներ է ունեցել նախագահ Բակո Սահակյանի, պետնախարար  Գրիգորի Մարտիրոսյանի և գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի  բոլոր ծրագրերում ընդգրկվեն նաև Արցախի գյուղնախարարության աշխատակիցները և գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչները։

 

Զեկուցումից հետո նախարարը պատասխանել է խորհրդի անդամների կողմից բարձրացված մի շարք հարցերի։

 

Օրակարգի երկրորդ հարցով խորհրդի աշխատակարգով սահմանված կարգով իրականացվել է վիճակահանություն՝ ռոտացիոն կարգով խորհրդի նոր անդամների համալրման նպատակով։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության   

                             և հասարակայնության հետ կապերի բաժին 

Տպել