ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանի այցը Գեղարքունիքի մարզ

2014-04-08

DSC_0053Աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր սկսել է մարզխորհրդի նիստին մասնակցելով: Իր ելույթում նա ամփոփիչ անդրադարձ է կատարել 2013 թվականի գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշներին և գյուղում իրականացված պետական օժանդակման ծրագրերին: «Բարեբախտաբար գյուղացուն սատարելու այս քաղաքականությունը տարեցտարի ավելի նյութական ու նպատակային է դառնում: Մատչելի գներով սերմացու, պարարտանյութ, դիզվառելիք, ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրելուց բացի, կառավարությունը կարողանում է որոշակի ֆինանսական փոխհատուցում տալ նաև բնական աղետից տուժած համայնքներին: Սակայն ամեն ինչ իր ժամանակն ու հնարավորությունն ունի»,- ասել է նախարարի պաշտոնակատարը, հիշեցնելով, որ միայն գյուղացուն օժանդակելու չորս ծրագրով պետությունը 4,5 միլիարդ դրամով սուբսիդավորում է իրականացրել, ասել է՝ թե այդքանով թեթևացրել է գյուղացու բեռը:

 

«Այս, և գյուղատնտեսությանն առնչվող մյուս բոլոր խնդիրները, ինչպես և նախկինում, այսօր նույնպես հանրապետության Նախագահի ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Վերջին նման հանձնարարականը, որ տրվել է Նախագահի կողմից, Հայաստան ներկրված գարու սերմացուն, նախատեսված 200-ի փոխարեն 130 դրամով գյուղացիներին տրամադրելու մասին է »,- նշել է նախարարի պաշտոնակատարը:

 

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտի հիմնախնդիրներին, նա համայնքապետերի ուշադրությունը հատուկ հրավիրել է մարզում կարտոֆիլի ցանքերի ավելացման անհրաժեշտությանը, մանավանդ, որ կարտոֆիլի իրացման խնդիրներ այսօր չկան և վաճառքի գներից էլ գյուղացիները գոհ են: Կարևորվել է նաև տեխնիկական պարկի թարմացումն ու համալրումը: «Միայն վերջին մեկ տարվա ընթացքում ,տարբեր ծրագրերով հանրապետություն են ներկրվել և լիզինգային եղանակով գյուղացիներին տրամադրվել 200-ից ավելի տարբեր հզորության տրակտորներ: Օրերս նույն ծրագրով Հայաստան կներկրվի 10 հացահատիկահավաք կոմբայն, որից 2-ը կտրամադրվի Գեղարքունիքի մարզին»,-ասել է Սերգո Կարապետյանը:

 

Այնուհետև նախորդ տարվա լավ աշխատանքի ու բարձր արդյունքների համար նախարարի պաշտոնակատարը «Գյուղատնտեսության նվաճումների» ոսկե մեդալներով պարգևատրել է Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանին և ֆերմեր Վանիկ Հարությունյանին՝ Գանձակ համայնքից: Մարզի գյուղատնտեսության ևս 12 առաջավորներ արժանացել են գյուղատնտեսության նախարարության շնորհակալագրերի:

 

Օրվա երկրորդ կեսին նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը, մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ, այցելել է Սիրականյան եղբայրների Վարդաձոր համայնքում գտնվող կաթնապրանքային ֆերման և կատոֆիլի պահպանության պահեստարանները, ծանոթացել արտադրությանն ու զրուցել աշխատակիցների հետ:

 

Տպել