ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է մարզպետարանների գյուղոլորտի պատասխանատուների հետ
2018-06-20
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր կազմակերպել էր հանդիպում մարզպետարանների գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետերի հետ` մարզերում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին ծանոթանալու և առկա խնդիրները քննարկելու նպատակով։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, աշնանացանի նախապատրաստման գործընթացին, մարզերում գյուղատնտեսական նշանակության հողերի բարելավմանը, ցանքատարածությունների ավելացմանը, մթերումների արդյունավետ կազմակերպմանն ու մթերման գների կարգավորմանը, տեղական գյուղմթերքի իրացմանը և արտահանումների խթանմանը: Անասնաբուծության ոլորտում ընդգծվել է հատկապես անասնաբուժական ծառայությունների բարելավման և համայնքային անասնաբույժների ինստիտուտի ներդրման կարևորությունը:
Մարզպետարանների գյուղոլորտի պատասխանատուները մի շարք առաջարկներ են ներկայացրել պետական աջակցությամբ իրականացվող ինտենսիվ այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման ծրագրերի շուրջ: Միաժամանակ նրանք հույս են հայտնել, որ վերոնշյալ ծրագրերի բարելավումը թույլ կտա ոչ միայն թեթևացնել ներկա շահառուների վարկային բեռը, այլև ընդարձակել շահառուների շրջանակը:
Քննարկվել են նաև գյուղացիական տնտեսությունների սուբսիդավորման նոր մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաև ոլորտում ներգրավված անձանց բարեկեցության ապահովմանն առնչվող մի շարք այլ հարցեր:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին