Կստեղծվի կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով

2018-06-20

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նախարարություն էր հրավիրել կաթ վերամշակող խոշոր ընկերությունների եւ երեկ կառավարության շենքի առջև բողոքի ակցիա կազմակերպած` կաթ արտադրող ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներին։
Նախարարը հայտնեց, որ ստեղծվելու է կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով, եւ հրավիրեց երկու կողմի մեկական ներկայացուցչի՝ մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին։

 

Նախարար Արթուր Խաչատրյանը նաեւ տեղեկացրեց, որ մշակման փուլում է ՀՀ-ում անասնապահության զարգացման հայեցակարգը, որի նպատակն է լինելու խթանել ՀՀ-ում անասնապահությունը եւ բարձրացնել անասնապահությամբ զբաղվող ֆերմերային տնտեսությունների եկամտաբերությունը։ Նա ներկայացրեց առկա եւ նախատեսվող ծրագրերը, որոնք կոչված են օգնելու կաթ արտադրողներին: Դրանք են, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության, արոտներում ջրարբիացման համակարգերի կառուցման եւ արոտների բարելավման, ինչպես նաեւ անասնագլխաքանակի հաշվառման ծրագրերը։

 

Ծավալված շահագրգիռ քննարկման ընթացքում կողմերը ներկայացրեցին իրենց մտահոգությունները եւ ոլորտում առկա խնդիրները՝ կապված կաթի մթերման գնի, անմիջական ֆինանսական աջակցման տրամադրման, անասնապահության արդյունավետության եւ ոլորտի երկարաժամկետ զարգացման հեռանկարի հետ։

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել