Թարմ և մատչելի գյուղմթերք անմիջապես արտադրողից.վերաբացվել է Կասյանի գյուղատնտեսական տոնավաճառը
2018-06-04
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր մասնակցել են Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառի վերաբացման արարողությանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարը շրջել է տոնավաճառում, գնումներ կատարել, զրուցել գյուղացիների և գնորդների հետ, ապա իր տպավորություններով կիսվել լրատվամիջոցների հետ:
«Գները շատ ավելի մատչելի են, քան խանութներում և ավելի ձեռնտու են թե՛ քաղաքաբնակների, թե՛ գյուղացիների համար, որովհետև այստեղ անմիջական շփում կա արտադրողի ու վաճառողի միջև, և միջնորդները չարդարացված բարձր գումարներ չեն աշխատում»,- մասնավորապես նշել է նախարար Խաչատրյանը:
Այս տոնավաճառը մայրաքաղաքում դեռևս միակն է իր տեսակով, սակայն նախարարը շտապում է տեղեկացնել, որ քայլեր կձեռնարկվեն մյուս վարչական շրջաններում նույնպես վաճառքի հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ, որպեսզի դյուրացնեն արտադրողի և վաճառողի կապը:
«Եթե մանրածախ ցանցերը փորձեն որոշակի դրդապատճառներով չարաշահել իրենց դիրքը, ապա մենք էլ ավելի մեծ ջանքեր կգործադրենք, որպեսզի նման շուկաները շատանան և թե՛ գյուղացիները, թե՛ քաղաքաբնակները չտուժեն»,- հավելել է գյուղնախարարը:
Տոնավաճառը կազմակերպվում է յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին, մասնակցում են հանրապետության տարբեր մարզերի գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը:
2011 թվականից կազմակերպվող այս տոնավաճառների համար մասնակցության պայմաններն անփոփոխեն: Մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցների կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:
Առևտրային միջնորդների մասնակցությունը տոնավաճառին բացառելու նպատակով կազմակերպիչների կողմից տեղում իրականացվում է վերահսկողություն:
Տոնավաճառի մասնակիցներին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն անվճար տրամադրում է նաև հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ ուսայլակներ: Երևանի քաղաքապետարանն աջակցել է տարածքի տրամադրման հարցում և յուրաքանչյուր տոնավաճառի օրվա ավարտին իրականացնելու է տարածքի մաքրման աշխատանքներ: Տոնավաճառի տարածքում հասարակական կարգը և երթևեկությունը կարգավորում է ՀՀ ոստիկանությունը:
Մանրամասները տեսանյութում`
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին