ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին

2014-03-17

18.03.2014ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլիին:

 

Շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցութամբ, նախարարը համոզմունք է հայտնել, որ նրա ջանքերով հայ-իտալական հարաբերությունները, մասնավորապես գյուղատնտեսության բնագավառում, կհասցվեն զարգացման նոր մակարդակի:

 

Այնուհետև հյուրի խնդրանքով նախարարը հակիրճ ներկայացրել է ոլորտի ներկա վիճակը, զարգացման միտումներն ու ռազմավարական ծրագրերը: Առաջնահերթությունների շարքում նա կարևորել է գյուղացիական տնտեսությունների խոշորացման, գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման, պետական աջակցության ծրագրերի իրականացման, սննդամթերքի անվտանգության կարողությունների ուժեղացման, վերամշակման ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման հարցերը:

 

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության անդամակցությանը Մաքսային միությանը , նախարարը նշել է, որ այդ հանգամանքը չի անդրադառնա Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների հեռանկարին: «Մենք շարունակելու ենք սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ »,-ասել է նա:

 

Համաձայնելով գյուղատնտեսության բնագավառում համագործակցությունն էլ ավելի խորացնելու նախարար Սերգո Կարապետյանի առաջարկին` դեսպան Ռիչուլլին համագործակցության հնարավոր ուղղություններ է համարել իտալական կողմի աջակցությամբ ագրոպարենային ապրանքների ծագման աշխարհագրական անվանումների հաստատման, երկու երկրներում կազմակերպվող ցուցահանդեսներին և տոնավաճառներին բիզնես համայնքների մասնակցության հարցերը:

 

Գյուղատնտեսության բնագավառում հայ-իտալական համագործակցությունն որակապես նոր հիմքերի բարձրացնելու համար նախարար Սերգո Կարապետյանն առաջակել է քննարկել երկու երկրների միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցելու մասին համաձայնագիր ստորագրելու հարցը:

 

Տպել