ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

2014-03-17

17.03.2014ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ սույն թվականի փետրվարի 17-ին կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնը խոսելով վերջին շրջանում լիբանանցի գործարարների կողմից Հայաստանի գյուղատնտեսության նկատմամբ ցուցաբերված ակտիվություն մասին, Սերգո Կարապետյանին էր ներկայացրել լիբանանյան կազմակերպություններից մեկի օրինակը, որը ցանկանում էր Հայաստանում զբաղվել ընկույզի մշակությամբ:

 

Եվ ահա այսօր, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը կրկին հյուրընկալել էր դեսպան Ժան Մաքարոնին, այս անգամ «Գարդենիա Լեբնիզ Ֆարմս» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլա Աբու Ֆեյսալի և նույն կազմակերպության ներկայացուցիչ Ժամիլ Աբդեիմի հետ միասին: Հիմնականում գյուղատնտեսության ոլորտի բիզնեսով մասնագիտացած «Գարդենիա Լեբնիզ Ֆարմս»-ի արտադրանքն արտահանվում է աշխարհի ավելի քան 40 երկրներ: Ցանկանալով ներդրումներ կատարել նաև Հայաստանի գյուղատնտեսւթյան մեջ, ընկերությունը մտադիր է ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդի տարածաշրջանում հիմնել «պիկան» ամերիկյան սորտի ընկույզի այգիներ:

 

Հյուրերը տեղակացրել են նախարարին, որ այդ նպատակի համար Կոտայքի մարզում արդեն ընտրված է մոտ 20 հա հողատարածք և նախապատրաստական աշխատանքներ են կատարվում ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգից ներկրվող տնկիների առաջին ծառատունկը կազմակերպելու համար: Նրանք հայտնել են նաև, որ առաջիկայում Լիբանանում թողարկված իրենց արտադրանքը կհայտնվի Հայաստանի խանութներում (ձիթայուղ, համեմունքներ, հատիկաընդեղեն և այլն ):

 

Նախարարն իր գոհունակությունն է հայտնել լիբանանցի գործարարներին՝ Հայաստանում գործունեություն ծավալելու համար և խոստացել ըստ ամենայնի աջակցել վերջիներիս գործունեությանը:

Տպել