Գյուղապահովագրության համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, կմեկնարկի նոր ծրագիր՝ օրգանական և կանաչ գյուղատնտեսության զարգացման համար

2018-04-30

ArmenՀՀ գյուղատնտեսության նախարարությունում շարունակվում են գյուղատնտեսական պահովագրության համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքները։ Նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը վստահ է, որ ապահովագրական համակարգը խթան կհանդիսանա, որպեսզի փոքր և միջին տնտեսություններն ավելացնեն իրենց ներդրումները և ավելի պաշտպանված զգան:

 

Նրա տեղեկացմամբ՝ գյուղատնտեսական ապահովագրության համակարգի ներդրման նախապատրաստական աշխատանքներն ընթանում են երեք հիմնական ուղղություններով՝ փորձնական ծրագրի իրականացման մարզը և ապահովագրվող մշակաբույսերը որոշելու նպատակով տվյալների հավաքագրում, Կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ վնասի գնահատման ինստիտուտի ստեղծում և «Նարմա» բյուրոյի հիմնում, որի հիմնական նպատակը կլինի այդ ապահովագրական պրոդուկտների և վնասի գնահատման ինստիտուտի համակարգումը: «Այս երեք ուղղություններով էլ աշխատանքներն իրականացվում են, ես կարծում եմ մինչև տարեվերջ մենք կունենանք պիլոտային նախնական ծրագիրը »,- նշել է փոխնախարարը:

 

Նրա խոսքով՝ նախատեսվում է մինչև 2019 թվականի առաջին եռամսյակն ունենալ առաջին պոլիսները, այդ նպատակով Գերմանական զարգացման բանկի (KfW) կողմից ընտրվել են հատուկ խորհրդատուներ, որոնք ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության և Ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ զբաղվում են տվյալների հավաքագրմամբ:

 

«Վերջին քննարկումների ժամանակ մոտեցումն այնպիսին է եղել, որ ավելի լավ է կենտրոնանալ մեկ մարզի վրա, մի քանի մշակաբույսերի, պտուղ-բանջարեղենի և մի քանի ռիսկերի վրա, որպեսսզի մենք կարողանանք առաջին փուլում բացահայտել այն բոլոր խնդիրները, որոնք կարող են առաջանալ ավելի ընդլայնված ապահովագրական ծրագրի ներդրման ընթացքում»,- հավելել է Արմեն Հարությունյանը:

 

Անդրադառնալով օրգանական գյուղատնտեսության զարգացման հեռանկարներին՝ Արմեն Հարությունյանը նշել է, որ այս ոլորտում մեծ աշխատանք է կատարվել, սակայն հետագա անելիքներն ավելի շատ են և պահանջում են թե՛ մարդկային, թե՛ ֆինանսական ավելի մեծ ռեսուրսներ: Այս տարի ավարտվում է ՕԳԱՆ ծրագիրը, որի հիմնական շեշտը եղել է օժանդակությունը փոքր և միջին ձեռնարկություններին: Փոխնախարարի խոսքով՝ ծրագիրը բավականին հաջող է ընթացել, կառավարման խորհրդի գնահատմամբ 45 ծրագրերից խնդրահարույց է համարվել միայն մեկը, որի ուղղությամբ համատեղ աշխատանքներ են իրականացվում, մյուսները և՛ տեղական և՛ միջազգային շուկաներում պատշաճ կերպով ներկայացնում են իրենց արտադրանքը:

 

«Մենք շարունակելու ենք օրգանական գյուղատնտեսության զարգացումը նաև ավելի լայն գաղափարախոսության ներքո՝ կանաչ գյուղատնտեսության զարգացումը, ինչը նշանակում է, որ ավելի մեծ ուշադրություն ենք դարձնելու գյուղատնտեսական և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, սննդի կորուստներին, որպեսզի ավելի խնայողաբար վերաբերվենք բնությանը և ավելի ուշադիր լինենք մեր կողմից սպառվող սննդամթերքին», – իր խոսքում նշել է Արմեն Հարությունյանը:

 

Նա տեղեկացրել է, որ ԵՄ-ի և Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ մեկնարկող նոր ծրագրի շրջանակում ուշադրությունը կենտրոնացվելու է փոքր և միջին արտադրողներին ուղղված աջակցությունը շարունակական դարձնելուն: Նոր ծրագրում ընդգրկվելու են նաև կենդանական ծագման մթերքները:

 

Բացի այդ, մշակվել է նոր օրենքի նախագիծ, որում ավելի մեծ ուշադրություն է դարձվելու «էկո», «օրգանիկ» տերմինների և սահմանումների չարաշահումներին, ավելի պաշտպանված են լինելու արտադրողների և սպառողների շահերը. օրենսդրությունը կփորձի ներդաշնակեցնել բոլոր միջազգային սկզբունքները, որպեսզի արտադրողները կարողանան իրենց արտադրանքը ներկայացնել միջազգային շուկաներում: Փոխնախարարը նաև հնարավոր է համարել օրգանական գյուղատնտեսության սուբսիդավորումը 2019-2020 թվականներից:

 

Մանրամասները կից տեսանյութում`

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել