Համագործակցության փաստաթղթերի ստորագրում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում
2014-02-26
Շարունակվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ պետություն-մասնավոր հատված հարաբերությունների հստակեցման և կանոնակարգման գործընթացները, որոնց տնտեսական շահավետությունն արդեն տեսանելի է երկրի ագրարային և վերջինիս առնչվող մյուս համակարգերում:
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այս ուղղությամբ կատարվեց հերթական քայլը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը խորհրդակցության էր հրավիրել ՀՀ արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանին, ՀՀ պահածոյագործների և հյութ արտադրողների իրավաբանական անձանց միության գլխավոր տնօրեն Երվանդ Թարվերդյանին, ՀՀ կաթնամթերք արտադրողների իրավաբանական անձանց միության տնօրեն Ղուկաս Բունիաթյանին, նշված ոլորտները ներկայացնող մի շարք խոշոր միավորումների ղեկավարների:
Օրակարգում ՀՀ գյուղատնտեսության նախարարության և նշված միությունների միջև համագործակցության հուշագրերի վավերացումն էր:
Ողջունելով մասնակիցներին կարևոր փաստաթղթերի ստորագրման կապակցությամբ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մասնավորապես նշեց.«Վերամշակման ճյուղը մեր երկրում էական զարգացում է ապրել: Եվ քանի որ գյուղատնտեսության զարգացումը համահունչ պետք է լինի վերամշակող արդյունաբերության հետ, ուստի հարաբերությունների կանոնակարգման նոր հրամայական է առաջացել: Այսօր վավերացված հուշագրերը համոզված եմ էական դերակատարում են ունենալու ինչպես նշված ոլորտների զարգացման, այնպես էլ՝ պետություն-մասնավոր հատված համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու տեսանկյունից»:
Հուշագրերը ստորագրելուց ընկերությունների ղեկավարներն ողջունելի համարեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնողականությունը՝ խնդիրների համատեղ լուծման քաղաքականության ուղղությամբ կատարվող քայլերի համար: Նրանց կարծիքով միություններով աշխատելն անհամեմատ ավելի արդյունավետ է, սակայն երբ նշված միությունները համագործակցում են նաև համապատասխան նախարարության հետ, դա արդեն նոր որակ է, զարգացման ու առաջընթացի կայուն երաշխիք: