ՀՀ գյուղատնտեսության նախարարի այցը Շիրակի մարզ
2014-02-25
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում էր,ուր նախ մասնակցել է մարզխորհրդի նիստին, անդրադարձել հանրապետության գյուղատնտեսության մեջ նախորդ տարվա ձեռք բերված բարձր արդյունքներին , վերջիններիս համատեքստում նաև Շիրակի մարզում ապահովված որոշակի առաջընթացին, ինչպես նաև ընթացիկ տարվա խնդիրներին և առաջնահերթություններին: Նախարարը հատուկ անդրադարձել է պետական աջակցության ծրագրերին, նշել, որ հանրապետության նախագահի հանձնարարությամբ ,այս տարի նույնպես մատչելի գներով գյուղացիական տնտեսությունները կստանան սերմացու, պարարտանյութ և դիզելային վառելիք: Շարունակվում է նաև ցածր տոկոսադրույքներով գյուղացիներին վարկավորելու քաղաքականությունը: Այս ամենը, ըստ նախարարի, հնարավոր են դարձնում կրկնել գյուղատնտեսության զարգացման նախորդ տարվա բարձր ցուցանիշները:
Խոսելով «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» վարկային ծրագրով մարզի 9 համայնքներում հիմնադրված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվների մասին,Սերգո Կարապետյանը նշել է, որ կարճ ժամանակում վերջիններս ապացուցել են իրենց տնտեսական շահավետությունը,ուստի և անչափ կարևոր է նշված ծրագրի շարունակելիությունը մարզում: <<Առավել մրցունակ ու կայուն անասնապահական համակարգերի կայացմանն օժանդակելու համար ,ընթացիկ տարում նախատեսվում է խնայված միջոցների հաշվին Շիրակի մարզի ևս 9 համայնքներ ընդգրկել նշված ծրագրում>>-նշել է նախարարը:
Այնուհետև նախորդ տարվա լավ աշխատանքի ու բարձր արդյունքների համար նա <<Գյուղատնտեսության նվաճումների>> ոսկե մեդալներով պարգևատրել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանին և Բասեն համայնքի ղեկավար Համլետ Պետրոսյանին:Մարզի գյուղատնտեսության մի շարք առաջավորներ արժանացել են գյուղատնտեսության նախարարության շնորհակալագրերի:
Օրվա երկրորդ կեսին նախարարը մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ այցելել է Կառնուտ համայնքում գտվող <<Գաբոյան Մուշեղ>> ՍՊԸ-ի անասնապահական համալիր,ուր ծանոթացել է նաև կարտոֆիլի սերմացուի զտման ու ցանքին նախապատրաստելու աշխատանքներին:
Այցելության վերջին կանգառը Բասեն համայնքում գործող արոտօգտագործողների կոոպերատիվն էր, ուր նախարարը ծանոթացել է պետական աջակցության ծրագրով ստացված գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման արդյունավետությանն ու հնարավորություններին, զրուցել կոոպերատիվի անդամների հետ: