Խաղողագործության զարգացման ռազմավարության քննարկում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում
2014-02-21
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը խորհրդակցության էր հրավիրել հանրապետության ճանաչված խաղողագործների, գինեգործների, գիտնականների՝ քննարկելու ՀՀ խաղողագործության զարգացման ռազմավարությունը:
Խաղողագործությունը և գինեգործությունը Հայաստանի ագրոպարենային ոլորտի առաջատար ճյուղերից են: Եվ չնայած վերջին տարիներին իրականացված բազմաբնույթ և մեծածավալ աշխատանքների շնորհիվ նկատվել են խաղողի արտադրության վերականգնման և գինեգործության զարգացման միտումներ, սակայն ոլորտը համակարգված մոտեցում և զարգացման նոր ռազավարություն է պահանջում:
Քննարկվող փաստաթուղթը նշված անհրաժեշտությանն արձագանքելու կարևոր քայլերից է և նպատակ ունի սահմանել խաղողագործության և գինեգործության զարգացման հիմնական ուղղությունները, հստակեցնել պետական աջակցության մեխանիզմները և դրա արդյունքում նպաստել խաղողի արտադրության և վերամշակման ծավալների ավելացմանն ու ճյուղի տնտեսական արդյունավետության բարձրացմանը:
Ծավալված շահագրգիռ քննարկման արդյունքում, մասնակիցները նոր ռազմավարության համար օրախնդիր համարեցին երկու կարևոր հանգամանք՝ իրավական դաշտի և որակի վերահսկման համակարգի բարելավում և ֆիլոքսերայի դեմ տարվող պայքարի անհետաձգելի միջոցառումների իրականացում:
Մասնակիցների կարծիքով ծրագիրը հաջողված փաստաթուղթ է, սակայն այն վերջնական տեսքի բերելու համար անհրաժեշտ է ընթացք տալ կամ պատասխաններ գտնել մի շարք կարևոր հարցերի՝
-Խաղողի այգիների անհապաղ գույքագրում:
-Օրենսդրական համապատասխան փոփոխությունների առաջարկի նախագծի և ռազմավարությամբ նախատեսված ծրագրերի իրականացմանն անհրաժեշտ այգետարածքների ծավալների ու սորտերի տեսակային կազմի պահանջարկի ճշգրտում ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի ազգային ագրարարային համալսարանի և Գինեգործների միության կողմից:
Ֆիլոքսերայի դեմ պայքարի միջոցառումների ակտիվացում և ֆիլոքսերադիմացկուն արմատակալների ֆոնդի ստեղծում:
-Խաղողի կոլեկցիոն այգու ստեղծում, ուր պետք է կենտրոնացնել բոլոր աբորիգեն սորտերը:
-Ռազմավարության իրականացման ֆինանսական աղբյուրների ճշգրտում: