ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
2014-02-17
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնին:
Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են հայ և լիբանանցի ժողովուրդների դարավոր բարեկամությանն ու փոխադարձ հարգանքին, կարևորելով լիբանանահայ համայնքի դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում:
Նախարար Սերգո Կարապետյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ընդհանուր պատկերը, անդրադարձել գյուղատնտեսության ոլորտում հայ-լիբանանյան առնչություններին, վերջիններիս զարգացման հնարավորություններին:
Դեսպան Մաքարոնը հայտնել է նախարարին, որ վերջին շրջանում լիբանանցի գործարարները նկատելի ակտիվություն են ցուցաբերում Հայաստանի գյուղատնտեսության նկատմամբ, ցանկանալով ներդրումներ կատարել մեր երկրում: Վկայակոչելով նրանցից մեկի օրինակը, որը ցանկանում է Հայաստանում զբաղվել ընկույզի մշակությամբ, դեսպանը տեղեկատվություն է խնդրել լիբանանցի գործարարներին պետության կողմից հնարավոր աջակցություն տրամադրելու վերաբերյալ:
Նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը խրախուսում է մեր երկրում կատարվող ներդրումները, հատկապես գյուղատնտեսության ոլորտում և պատրաստակամություն է հայտնել հնարավորինս բազմակոմանիորեն աջակցել բոլոր այն լիբանանցի գործարարներին, որոնք ներդրումներ կկատարեն մեր երկրում:
Դեսպան Մաքարոնը ցանկություն է հայտնել Հայաստանում կազմակերպվող ագրոպարենային ապրանքների ցուցահանդեսներին մասնակից դարձնել նաև լիբանանցի գործարարներին, որին ի պատասխան Սերգո Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել ամեն տարի հոկտեմբերին Երևանում կազմակերպվող «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսին հրավիրել նաև լիբանանցի գործարարներին: