ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Ավստրիայի զարգացման գործակալության պատվիրակությանը

2014-02-17

17.02.2014ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի ծրագրերի ղեկավար դոկտոր Շտեֆան Շոլցի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին նաև Հարավային Կովկասում Ավստրիայի զարգացման գործակալության ղեկավար Գունտեր Զիմերը և Ավստրիայի զարգացման գործակալության ծրագրերի ղեկավար Ռոբերտ Զեյները:

 

Ողջունելով հյուրերին՝ նախարարը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական ուղղություններն ու այն խնդիրները, որոնց իրականացումը կնպաստի համակարգի հետագա զարգացմանը:Նա մասնավորապես կարևորել է կոոպերատիվների ձևավորման, հողերի խոշորացման, ջերմոցային տնտեսությունների զարգացման, ձկնաբուծության և այլ ճյուղերի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը: «Մենք ունենք թե՛ արտադրության, թե՛ արտահանման ծավալները զգալիորեն ավելացնելու իրատեսական հնարավորություններ և համոզված եմ, որ գյուղատնտեսության ոլորտում ներդրումներն արդարացված կլինեն»,- նշել է նախարարը:

 

Այնուհետև կարևորելով ավստրիական կողմի հետ նախկինում իրականացված ծրագրերի արդյունավետությունը, նախարարը հույս է հայտնել, որ այդ համագործակցությունը շարունակական կլինի հնարավորություն տալով Հայաստանին մասնակցելու Զարգացման գործակալության կողմից իրականացվող տարածաշրջանային մյուս ծրագրերին:

 

Ռոբերտ Զեյները համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերից հատկապես կարևորել է Գյուղատնտեսության համատարած հաշվառման, ինչպես նաև անտառային տնտեսությունների զարգացման ծրագրերը: Նկատի ունենալով վերջիններիս արդյունավետությունը, նա հույս է հայտնել, որ հետագայում ևս կշարունակեն աջակցել Գյուղատնտեսական կենդանիների համարակալման, հաշվառման և վերամշակող հզորությունների ստեղծմանն ուղղված նոր ծրագրերին:

 

Հանդիպման ընթացքում կողմերը համակարծիք էին, որ առաջարկվող ծրագրերը պետք է բխեն ՀՀ գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունից և լրացուցիչ, խորը ուսումնասիրությունների անհրաժեշտություն ունեն:

 

Տպել