ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով Արարատի մարզում էր. Վեդու ջրամբարը շահագործման կհանձնվի նախատեսվածից ավելի շուտ
2018-03-20
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Արարատի մարզ: Նախարարին ուղեկցում էին փոխնախարար Աշոտ Հարությունյանը, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը և պաշտոնատար այլ անձինք:
Այցի սկզբում Իգնատի Առաքելյանը հետևել է Վեդու ջրամբարի ընթացիկ շինարարական աշխատանքներին: Նախարարը նշել է, որ ջրամբարի կառուցումը երաշխավորված ջրի կուտակում և ավելի ճիշտ կազմակերպված ոռոգում կապահովի: «Այսօր հաճախ ստիպված ենք լինում Սևանա լճից ջուր բաց թողնել, իսկ Վեդու ջրամբարի կառուցումը կբացառի այդ խնդիրը, ինչը բնակլիմայական և Սևանի էկոհամակարգի վերականգման առումով շատ կարևոր լուծում է: Ծրագիրը նաև երկրորդ փուլ ունի, որի ընթացքում Ֆրանսիական զարգացման գործակալության դրամաշնորհային միջոցներով ջրամբարին հարակից համայնքների hողերը կխոշորացվեն, կաթիլային ոռոգման համակարգեր կներդրվեն, ինչը հնարավորություն կտա այդ համայնքերում նվազեցնել ծախսերը և ավելի հեռավոր համայնքներին ավելի շատ ջուր հասցնել», – հավելել է նախարարը:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի տեղեկացմամբ` ջրամբարի շինարարությունը շուրջ 1 տարի ընթացքի մեջ է, և աշխատանքները սահմանված գրաֆիկից 6 ամիս առաջ են ընկել, բացի այդ արդեն կարող են նշել, որ ջրամբարը նախատեսված 29 մլն մ3 -ից նվազագույնը 2 մլն մ3 -ով ավելի տարողունակ կլինի: Թեև ջրամբարի շինարարությունը նախատեսված էր ավարտել 2021 թվականի մայիսին, սակայն Ջրպետկոմի ղեկավարը հույս է հայտնել, որ այն պատրաստ կլինի արդեն 2020 թվականի տարեվերջին:
Արսեն Հարությունյանը հավելել է, որ ջրամբարի շահագործարկման արդյունքում մոտ 8 համայնք` 3200 հեկտար հողատարածքներ, ամբողջությամբ կապահովվեն ջրով, ինչի արդյունքում Սևանից բաց թողնվող ջրաքանակից 18 մլն մ3 կտրամադրվի այլ համայնքներում ջրամատակարարման ապահովմանը, 8 խորքային հորեր ամբողջությամբ կապամոնտաժվեն, ինչը հնարավորություն կտա նաև էլեկտրաէներգիայի էական խնայողություն ունենալ: Արսեն Հարությունյանի խոսքով՝ ջրամբարների կառուցման ծրագրերը շարունակական են լինելու. մասնավորի հետ համագործակցությամբ 11 փոքր ջրամբարների կառուցման ծրագիր է իրականացվելու, քննարկման փուլում են նաև պետական ծրագրեր:
«Վեդու ջրամբարը 4000 և ավելի ինքնահոս ջրատարներով ոռոգում է ապահովելու, ամբողջը փակ ցիկլով է լինելու: Բացի դրանից, նաև մենք կարողանալու ենք կաթիլային ոռոգում իրականացնել այս տարածաշրջանում, որը բավականին էֆեկտիվ կլինի և կարծում եմ, որ սա վարակիչ կլինի գյուղացիների համար, որոնք կփորձեն նաև իրենց տարածքներում կաթիլային ոռոգում իրականացնել», – նշել է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը:
Ընդգծելով, որ Արարատի մարզի գյուղատնտեսության ոլորտում տարեցտարի հաջողություններ են արձանագրվում` մարզպետ Արամայիս Գրիգորյանը հույս է հայտնել, որ ընթացիկ տարին ևս բացառություն չի լինի: Նրա խոսքով` բացի Վեդու ջրամբարի գործարկման արդյունքում մշակովի հողատարածքների ընդարձակումից, մարզում նախատեսվում է ավելացնել նաև ինտենսիվ այգիների, ինչպես նաև ջերմոցային և սառնարանային տնտեսությունների տարածքները:
Այնուհետև նախարարն Արարատի մարզպետարանում անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են համայնքների ղեկավարներ, ՋՕԸ-երի ներկայացուցիչներ և այլ պատասխանատուներ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, նախարարության կողմից իրականացվող պետական օժանդակության ծրագրերին, անասնաբուժության հակահամաճարակային միջոցառումների իրականացմանը, համայնքային անասնաբույժների ինստիտուտի ներդրմանն առնչվող հարցեր:
Նախարար Առաքելյանը նշել է, որ ըստ ներկայացված հայտի ամբողջությամբ բավարարելու են մարզի դիզելային վառելիքի, սերմացուի, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի պահանջարկը, իսկ ազոտական պարարտանյութի շուկան այս տարի ազատականացվել է, և դրա տրամադրումն ապահովելու են մարզպետարանները: Մարզի պատասխանատուի խոսքով` ազոտական պարարտանյութը Արարատի մարզի գյուղացիական տնտեսություններին մատակարարում են 1 պարկը 7000 դրամ արժեքով, իսկ տեղափոխումը կատարվում է համայնքների հաշվին:
Իգնատի Առաքելյանն ընդգծել է, որ ազոտական պարարտանյութի շուկան ազատականացվել է, սակայն նախարարությունը հետևում է շուկային և գնային չարաշահումներ լինելու դեպքում կմիջամտի և կմատակարարի այդ պարարտանյութը` ապահովելու իրական շուկայական արժեքը, սակայն բոլոր մարզպետները երաշխավորել են, որ իրենք կկազմակերպեն գործընթացը:
Մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ջրպետկոմի նախագահ Արսեն Հարությունյանը զեկուցել է մարզում ոռոգման սեզոնի մեկնարկին ընդառաջ ընթացող նախապատրաստական աշխատանքների մասին: Ջրպետկոմի ղեկավարը նշել է, որ հանրապետությունում ոռոգումը մեկարկելու է Արարատի մարզից ապրիլի 1-ին: Նրա խոսքով` մինչ այժմ մարզում իրականացվել են շուրջ 40 կմ ոռոգման համակարգի, թվով 95 խորքային հորերի վերանորոգման, ընդհանուր մաքրման աշխատանքներ:
Առանձին անդրադարձ է կատարվել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող խորհրդատվական աշխատանքներին: Հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը նշել է, որ մարզից սուբսիդավորվող վարկերի համար կազմակերպվող հավաստագրման դասընթացներին մասնակցել է 860 քաղաքացի, որից 761-ը հավաստագրվել է, 164-ն արդեն ստացել է վարկեր: Հիմնական ուղղվածությունը ջերմոցային տնտեսությունների զարգացման ծրագրերն են, այնուհետև անասնապահություն, բուսաբուծություն և այլն:
Մանրամասները տեսանյութում`
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին