Սուբսիդավորվող գյուղվարկերի տրամադրման ծրագրին միացել է նաև Կոնվերս բանկը. ծրագրի շրջանակում տրամադրվել են 6,9 մլրդ դրամ վարկային միջոցներ

2018-03-15

1ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ գյուղական ֆինանսավորման կառույցի վարկային բաժնի ղեկավար Անդրանիկ Մկրտչյանը և Կոնվերս բանկի կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Ռոստոմ Բադալյանն այսօր ստորագրել են եռակողմ հուշագիր «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի» շրջանակներում համագործակցության վերաբերյալ:

 

«Կոնվերս բանկը վեցերորդ ֆինանսական կառույցն է, որը միացավ այս ծրագրին: Ծրագրի իրականացման ընթացքում տրամադրվել են 1534 միավոր վարկեր 6,9 մլրդ դրամի չափով», – նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:

 

Փոխնախարարը նաև հավելել է, որ ծրագրի շրջանակում պոտենցիալ շահառուների համար Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներում կազմկերպվել է շուրջ 224 դասընթաց, ավելի քան 5300 մասնակիցների տրամադրվել են հավաստագրեր:

 

Կոնվերս բանկի կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Ռոստոմ Բադալյանի խոսքով` հուշագրի ստորագրումը մանր գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կընձեռի արտոնյալ պայմաններով ձեռք բերել գյուղտեխնիկա, որը կնպաստի գյուղատնտեսության հետագա զարգացմանը:

 

«Պահանջարկ կա, մենք արդեն իսկ ունենք համապատասխան ազդակներ մանր գյուղացիական տնտեսությունների կողմից», – նշել է նա:
Անդրադառնալով ծրագրի կարևորությանը` Անդրանիկ Մկրտչյանն իր հերթին ընդգծել է, որ ծրագրի հիմնական շահառուն սոցիալապես խոցելի խավն է, և ցածր տոկոսադրույքը թույլ կտա ծրագրի շահառուներին գյուղատնտեսության ոլորտում ծավալել առավել արդյունավետ գործունեություն:

 

Գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով շահառուներին տրամադրվում են 3-10 մլն դրամ գումարի չափով, տարեկան 5% տոկոսադրույքով վարկեր, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների և գյուղատնտեսական կոոպերատիվների համար տոկոսադրույքը կազմում է 3%: Պոտենցիալ շահառուները ծրագրից օգտվելու համար պետք է  պարտադիր ուսուցում անցնեն Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներում և ստանան հավաստագիր, ինչն էլ  իրավունք կտա դիմել ֆինանսական կառույցներին:

 

Մինչ օրս նշված ծրագր շրջանակում համագործակցության հուշագրեր են ստորագրվել նաև «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ», «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա», «ՔԱՐԴ Ագրո-Կրեդիտ ՈՒՎԿ», «Կամուրջ ՈՒՎԿ» ՓԲԸ-ների և «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ հետ:

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել