«Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրություն և (կամ) վաճառք» ծանուցման ենթակա գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն: «Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրություն և (կամ) վաճառք» գործունեության իրականացմամբ զբաղվելու իրավունք ունեն իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր, ովքեր նշված գործունեությամբ զբաղվելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարություն են ներկայացնում «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան լրացված ծանուցումը, որը կարող է ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային տարբերակով (https://www.e-gov.am/notifications/): Համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի` «Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրություն և (կամ) վաճառք» գործունեության իրականացման համար տարեկան պետական տուրքը կազմում է`
- իրավաբանական անձինք` 50.000 ՀՀ դրամ (հաշվեհամարը` 900005162814)
– ֆիզիկական անձինք` 10.000 ՀՀ դրամ (հաշվեհամարը` 900005162814)
«Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրություն և (կամ) վաճառք» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար անձը պարտավոր է վճարել օրենքով սահմանված պետական տուրքը և պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը ծանուցման հետ միաժամանակ ներկայացնել լիազոր մարմին:
«Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրություն և (կամ) վաճառք» ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառումը, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցումն ու դադարեցումը, ինչպես նաև ծանուցման ենթակա գործունեության իրականացման հետ կապված բոլոր հարաբերությունները կարգավորվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով: