Ինտենսիվ այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման ծրագրերին միացել է ևս երեք ֆինանսական կառույց

2018-02-27

3ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը,  «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանը,  «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահի տեղակալ Նշան Գրիգորյանը, «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանը և ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանն այսօր ստորագրել են  Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման  ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության հուշագրեր:

 

Ծրագրերի շրջանակներում վարկերը տրամադրվելու են ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ կոոպերատիվներին ու անհատ ձեռնարկատերերին:

 

Պետության կողմից իրականացվելու է վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում: Շահառուները  կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար կարող են ստանալ տարեկան 2, իսկ ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար` 5 % տոկոսադրույքով վարկեր:

 

«Մեր ծրագրերին արդեն միացել է 8 ֆինանսական կառույց, ավելացել է նաև կապալառուների ցանկը` համալրվելով և՛ տեղական կազմակերպություններով, և՛ արտասահմանյան բավական մեծ փորձ ունեցող ընկերություններով», – նշել է նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը:
Փոխնախարարի խոսքով` ծրագրերի նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում  թե՛ գյուղացիական տնտեսությունները և թե՛ բանկային կառույցները:

 

«Սա պետություն-մասնավոր հատված համագործակցության հերթական քայլն է, որը, համոզված եմ, մեծ դրական արդյունք կունենա մեր տնտեսվարողների համար: Մենք մեր հաճախորդներին արդեն կարող ենք առաջարկել այնպիսի ֆինանսավորում, որն էապես կնպաստի նրանց բիզնեսի զարգացմանը, քանի որ պետության կողմից տոկոսադրույքների սուբսիդավորման էական առաջարկ է արվում», – նշել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանը:

 

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ–ի վարչության նախագահի տեղակալ Նշան Գրիգորյանն ընդգծել է, որ նշված ծրագրերով առավել քան բարենպաստ պայմաններ են ստեղծված գյուղատնտեսության ոլորտի վարկավորման համար, և  «Հայբիզնեսբանկ»-ը ևս ակտիվորեն կմասնակցի ծրագրին` իրականացնելով ծրագրերով նախատեսված պայմաններով վարկավորում:

 

«Պետության կողմից սուբսիդավորման արդյունքում շատ մատչելի ֆինանսական ռեսուրսներ կտրամադրվեն ծրագրերի ֆինանսավորման համար: Կանխատեսում ենք, որ պահանջարկը կլինի բավականին մեծ և արդյունավետ գյուղատնտեսության զարգացման համար»,  – իր հերթին նշել է «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանը:

 

Մինչ օրս նշված ծրագրերի շրջանակում համագործակցության հուշագրեր են ստորագրվել նաև «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ», «Ինեկոբանկ»,  «Կոնվերս բանկ», «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ների և «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն առևտրային կոոպերատիվի հետ:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության  տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

                                                                                                                                                                                                            

Առավել մանրամասն տեսանյութում՝

     

 

 

 

 

 

 

 

 

Տպել