Տեղի է ունեցել ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության ապահովման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը

2018-02-20

1ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության ապահովման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նիստին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության, առողջապահության նախարարությունների ներկայացուցիչներ, ոլորտի հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, գիտնականներ:

 

Նիստի օրակարգում աշխատանքային խմբի անդամները քննարկել են «ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության մասին» օրենքի նախագծի լրամշակված տարբերակը, ներկայացրել առաջարկություններ և դիտողություններ առանձին դրույթների վերաբերյալ:

 

Հանդիպման ընթացքում վերահաստատվել է, որ ներկայացվող նախագծում օրենսդրական կարգավորումներն անհրաժեշտ է իրականացնել` հիմք ընդունելով «նախազգուշավորության սկզբունքի» գաղափարախոսությունը:

 

Քննարկումների արդյունքում որոշվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետը և աշխատանքային խմբի հասարակական հատվածը ներկայացնող մի քանի անդամներ առաջիկա շաբաթվա ընթացքում առանձին հանդիպում կունենան` նախագիծը վերջնական տեսքի բերելու նպատակով, սահմանվել են աշխատանքների կատարման հստակ ժամկետներ:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել