Գարնան գյուղատնտեսական աշխատանքները մեկնարկել են. շարունակվում են պետական աջակցության ծրագրերը
2018-02-16
Ընթացիկ տարվա փետրվար ամսին գրանցված նորմայից բարձր ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում գյուղատնտեսական որոշ աշխատանքներ ավելի վաղ են սկսվել: Մասնավորապես շարունակվում է պտղատու ծառերի էտը: Մասնագետները խորհուրդ են տալիս խաղողի այգիներում սկսել էտի աշխատանքները:
Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանի խոսքով` եղանակը գյուղատնտեսության վրա բացասական ազդեցություն չի թողել, և ձմեռացման հետ կապված որևէ խնդիր չի առաջացել:
ՀՀ կառավարության հանձնարարականությամբ՝ Գյուղատնտեսության նախարարությունն ու ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն իրականացնում են համատեղ աշխատանքներ՝ գարնանացանի աշխատանքների համար ոռոգման ջրի պակասի դեպքում անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ Գյուղատնտեսության նախարարությունն այս տարի կշարունակի դիզվառելիքի սուբսիդավորման և գարնանացան մշակաբույսերի սերմացուների տրամադրման ծրագրերը: Բացի այդ, գյուղացիական տնտեսություններն այս տարվանից կարող են օգտվել նաև կաթիլային համակարգերի, կարկտապաշտպան ցանցերի ներդրման և ինտենսիվ այգիների հիմնման պետական օժանդակության ծրագրերից:
Առավել մանրամասն` կից տեսանյութում
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին