ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայաստանում Լիբանանի նորանշանակ դեսպան Մայա Դաղերին
2018-02-02
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին:
Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ` նախարար Իգնատի Առաքելյանը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման շրջանում գյուղատնտեսության բնագավառում հայ-լիբանանյան հարաբերությունները կշարունակեն խորանալ և ընդլայնվել:
«Հայաստանի և Լիբանանի միջև առկա է գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մեծ ներուժ, և մենք պատրաստ ենք լիբանանյան կողմի հետ քննարկել տարբեր առաջարկներ, այդ թվում` նաև ներդրումային ծրագրերի իրականացման և արտահանումների կազմակերպման վերաբերյալ», – ողջունելով հյուրին` նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Գյուղատնտեսության ոլորտում որպես հայ-լիբանանյան համագործակցության լավագույն օրինակ կողմերը, մասնավորապես, հիշատակել են «Գարդենիա Լեբանիզ Ֆարմս» ընկերության գործունեությունը, որի ջանքերով 2015 թվականին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում հիմնվել են «պեկան» տեսակի ընկուզենու այգիներ:
Ելնելով Հայաստանի և Լիբանանի աշխարհագրական դիրքի նմանությունից` երկուստեք ընդգծվել է գյուղատնտեսության բնագավառում երկու երկրների միջև փորձի փոխանակման կարևորությունը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել 2004 թվականի ապրիլին «ՀՀ և ԼՀ գյուղատնտեսության նախարարությունների միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակում գյուղատնտեսության ոլորտում հայ-լիբանանյան համագործակցության ընդլայնման և երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջև գործնական կապերի ամրապնդման ուղղությամբ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին