Գյուղատնտեսության նախարարը հանդիպել է ջերմոցատերերի հետ. Նախարարությունը նոր ծրագիր է մշակում ընտանեկան բիզնեսի համար

2018-01-30

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպել է մի շարք խոշոր ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը:

 

Հանդիպման նպատակն էր  ջերմոցատերերի հետ  քննարկել ոլորտում առկա իրավիճակը, ընթացիկ հարցերի լուծման ուղիները և նախանշել զարգացման հեռանկարները:

 

«Հանրապետությունում նոր խոշոր ջերմատներ են կառուցվում, փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների նկատմամբ նույնպես հետարքրություն կա: Նախորդ տարի կառավարությունը իջեցրեց գազի սակագինը ջերմոցային տնտեսությունների համար, այժմ նախապատրաստում ենք լիզինգի ծրագիր փոքր և միջին ջերմոցատերերի համար` փոքր ընտանեկան բիզնեսի խրախուսման և եկամուտների ավելացման նպատակով, միաժամանակ նաև սառնարանային տնտեսությունների ստեղծման ծրագիր ենք մշակում, որը թույլ կտա ճիշտ պահեստավորել և պահպանել արտադրանքը` արտահանման նպատակով»,- իր խոսքում նշել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը` կոչ անելով հանդիպման մասնակիցներին ներկայացնել իրենց մտահոգող հարցերն ու  առաջարկները:  

 

Հանդիպմանը ներկա ջերմոցատերերը բարձրացրել են թուրքական պտուղ-բանջարեղենի ներմուծման դեպքերին, պարարտանյութերի և թունաքիմիկատների որակի լաբորատոր ստուգումների հնարավորությանը, որակյալ մասնագետների պատրաստմանը, կենսաբանական եղանակներով բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:

 

Հանդիպման մասնակիցները ոլորտի ընդլայնման և զարգացման նպատակով կարևորել են նաև մատչելի տոկոսադրույքներով վարկերի տրամադրման հարցը:

 

 Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Նախարար Առաքելյանը նշել է , որ նախարարությունը առկա հարցերին լուծումներ տալու ուղղությամբ կմշակի ծրագրեր և դրանք կներկայացնի կառավարության քննարկմանը:

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին
 

Տպել