ՀՀ գյուղատնտեսության նախարարը Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի նախագահի հետ քննարկել է համագործակցության հարցերը
2018-01-19
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը եղել է Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանում և հանդիպում է ունեցել համալսարանի նախագահ Դր. Էրիկ Վոյլիթի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային մագիստրոսական ուսուցման շրջանակում համագործակցության ակտիվացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցերը:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ուսուցման և փորձարկման կենտրոնի ստեղծման գործում Թրիսդորֆի գյուղատնտեսական կրթական հաստատությունների և Վայհենշտեֆանի-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի հետ համագործակցության հնարավորություններին: Կողմերը համակարծիք էին, որ գյուղատնտեսության ոլորտում հաջողության հասնելու համար առաջնային է երիտասարդ մասնագետների պատրաստումը:
Գյուղատնտեսության նախարարը ծանոթացել է նաև Թրիսդորֆի տարածքի առանձին կրթական հաստատությունների գործունեությանը, այդ թվում` կրթական կենտրոնի կառուցվածքին և գործունեության հիմնական ուղղություններին ու առանձնահատկություններին, գյուղատնտեսների վերապատրաստման գործընթացին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին