ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

2018-01-15

18ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային  խորհրդակցություն էր հրավիրել, որին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալները, նախարարության աշխատակազմի ղեկավարը, նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ, այլ պատասխանատուներ:

 

Խորհրդակցության օրակարգի հիմնական հարցը շուկայում դիտվող դիզելային վառելիքի, թունաքիմիկատների և այլ ապրանքատեսակների գների բարձրացման և դրանց հնարավոր մեղմման ուղղված միջոցառումների  վերաբերյալ հանրապետության Նախագահի հանձնարարականի կատարմանն ուղղված հարցերի քննարկումն էր:

 

«2018 թվականի հունվարից մենք ունենք որոշակի գնաճ առանձին ապրանքատեսակների, մասնավորապես դիզելային վառելիքի գծով, որի թանկացումը սակայն, մեր գնահատականներով էական ազդեցություն չի կարող ունենալ գյուղատնտեսական մշակաբույսերի ինքնարժեքի վրա: Բացի այդ, առաջիկայում ակնկալվում է դիզելային վառելիքի գնի որոշակի անկում` պայմանավորված ակցիզային հարկի նվազմամբ:  Մենք պետք է սեղմ ժամկետում ամփոփենք կատարված վերլուծություններն ու գնահատականը և իրազեկենք այդ մասին գյուղացիական տնտեսություններին, որպեսզի գարնան գյուղատնտեսական աշխատանքներն ընթանան սահուն և առանց խնդիրների»,- իր խոսքում մասնավորապես նշել է նախարար Առաքելյանը:

 

Նախարար Առաքելյանը հավելել է, որ ընթացիկ տարում շարունակվելու են պետական օժանդակության ծրագրերը` մատչելի տոկոսադրույքով վարկեր, սուբսիդավորում կաթիլային ոռոգման համակարգի, կարկտապաշտպան ցանցերի ներդրման և ինտենսիվ այգիների հիմնման համար, որոնք բարձր արդյունավետություն կարող են ապահովել` նպաստելով բերքատվության էական բարձրացմանը և միաժամանակ ապահովագրելով գյուղացիական տնտեսություններին թանկացումների ռիսկից:

 

 Խորհրդակցության ընթացքում հանձնարարվել է նաև առաջիկա շաբաթվա ընթացքում կազմակերպել հանդիպումներ գյուղոլորտի առանձին ճյուղերի արտադրողների հետ` պտուղ-բանջարեղեն և կաթնամթերք վերամշակողներ, անասնաբույծներ և այլն, շուկայում գնային փոփոխություններին առնչվող  հարցերը նրանց հետ ևս քննարկելու նպատակով:

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել