Ամփոփվել են պտուղ-բանջարեղենի մթերումների և արտահանումների արդյունքները
2017-12-25
Այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են գյուղմթերքի արտահանումների և մթերումների, ինչպես նաև 2017 թվականին մեկնարկած ծրագրերի ընթացիկ արդյունքները:
Անդրադառնալով Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրին, որին մասնակցում է 15 ֆինանսական կառույց` փոխնախարարը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակներում նախատեսված շուրջ 2.4 մլրդ դրամի վարկերից 16 վերամշակող ընկերությունների արդեն իսկ տրամադրվել է մոտ 1,2 մլրդ դրամ:
«Ծրագիրն ավելի ընդլայնված ծավալներով կշարունակվի նաև 2018 թվականին, վարկային պորտֆելը կկազմի շուրջ 18 մլրդ դրամ, իսկ յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկի առավելագույն չափը 150 մլն դրամից կբարձրացվի մինչև 1 մլրդ դրամ», – նշել է Ռոբերտ Մակարյանը:
Ներկայացնելով 2017 թվականի ընթացքում գյուղմթերքի մթերումների ընթացիկ արդյունքները` փոխնախարարը նշել է, որ պտուղբանջարեղեն վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է շուրջ 70 հազար տոննա պտուղբանջարեղեն, որից 45 հազար տոննա բանջարեղեն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մթերվել էր 61 հազար տոննա պտուղբանջարեղեն: Նրա խոսքով` խաղող վերամշակող ընկերությունների կողմից ընփացիկ տարում մթերվել է 110,9 տոննա խաղող, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 109,8 տոննա խաղողի դիմաց:
Ռոբերտ Մակարյանն անդրադարձ է կատարել նաև մթերումների դիմաց իրականացվող վճարումների ընթացքին: Նրա խոսքով` այս պահի դրությամբ դեռևս պահպանվում է 2015 թվականին իրականացված մթերումների դիմաց «Վինար» ընկերության պարտքը, որը այս օրվա դրությամբ կազմում է 34 մլն դրամ: Փոխնախարարը միաժամանակ հույս է հայտնել, որ առաջիկայում այդ խնդիրը կլուծվի: Ռոբերտ Մակարյանը նաև տեղեկացրել է, որ 2017 թվականի կատարված մթերումների դիմաց վճարումները մոտ 90 տոկոսով իրականացված են, մնացած գումարները կնքված պայմանագրերի և վճարման ժամանակացույցերի համաձայն աստիճանաբար կմարվեն:
Ռոբերտ Մակարյանը տեղեկացրել է, որ արտահանումների գործընթացը խթանելու և հայկական գինեգործական արտադրանքն առաջ մղելու նպատակով վերջերս ստեղծվել և ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը, որի աջակցությամբ մի շարք տեղական ընկերություններ հնարավորւթյուն են ունեցել ընթացիկ տարում ներկայացնել իրենց արտադրանքը միջազգային ցուցահանդեսներին:
Փոխնախարարը նաև նշել է, որ խաղողագործության և գինեգործության ոլորտների հետագա զարգացման նպատակով նախատեսվում է առաջիկայում իրականացնել խաղողի այգիների քարտեզագրում, ինչը հնարավորություն կտա համապարփակ տեղեկատվություն ունենալ Հայաստանում աճեցվող խաղողի այգիների վերաբերյալ:
Ասուլիսի ընթացքում փոխնախարարը ներկայացրել է նաև ընթացիկ տարում գյուղմթերքի արտահանման ցուցանիշները: Ըստ այդմ` այս պահի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 119200 տոննա պտուղբանջարեղեն: Պտուղբանջարեղենի հիմնական մասն արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն:
Անդրադառնալով Կասյան փողոցի վերին հատվածում և Մաշտոցի պուրակին հարող տարածքում (Մալիբու սրճարանի հարևանությամբ) գործող գյուղատնտեսական տոնավաճառներին` Ռոբերտ Մակարյանը տեղեկացրել է, որ Ամանորի նախաշեմին` դեկտեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 30-ը, դրանք կգործեն ամենօրյա ռեժիմով:
Ասուլիսի ընթացքում փոխնախարարն անդրադարձել է նաև գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին, որին մասնակցում է 5 ֆինանսական կառույց:
«Ըստ օպերատիվ տվյալների` ծրագրով շահառուներին տրամադրվել է շուրջ 2,5 մլրդ դրամ գումարի 557 միավոր վարկ: Մեկ վարկի միջին չափը կազմել է 4.47 մլն դրամ: Ընթացքի մեջ է շուրջ 1,4 մլրդ դրամի գումարով ևս 288 միավոր վարկի տրամադրման քննարկումը», – հավելել է փոխնախարարը:
Պոտենցիալ շահառուները ծրագրից օգտվելու համար պետք է պարտադիր ուսուցում անցնեն Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներում և ստանան հավաստագիր, ինչն էլ իրավունք կտա դիմել ֆինանսական կառույցներին: Ներկա պահին ուսուցման արդյունքում տրամադրվել է 4200 հավաստագիր:
Իր խոսքում Ռոբերտ Մակարյանն արնդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրին, որով ըստ օպերատիվ տվյալների գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրվել է 157 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում` 67 տրակտոր, 2 կոմբայն և 88 միավոր այլ գյուղտեխնիկա:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին