Ֆրանսիական ընկերությունը հետաքրքրված է ներդրումներ կատարել Հայաստանի անասնապահության ոլորտում
2017-11-17
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հյուրընկալել է գյուղատնտեսական կենդանիների արտահանմամբ և ներմուծմամբ զբաղվող ֆրանսիական առաջատար «Ժան Պոլ Բուայե» ընկերության ներկայացուցիչներին` անասնապահության ոլորտում համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով:
«Անասնապահությունը մեզ համար առաջնային նշանակություն ունի և այսօր զբաղեցնում է Հայաստանի գյուղատնտեսության շուրջ 50%-ը: Միևնույն ժամանակ մենք դեռ մեծ դաշտ ունենք ներդրումներ կատարելու և զարգացնելու ոլորտը, ուստի բաց ենք ու պատրաստ քննարկել տարբեր առաջարկություններ», – ողջունելով հյուրերին` մասնավորապես նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը:
Իգնատի Առաքելյանի առաջարկով կողմերը քննարկել են ՀՀ-ում տոհմաբուծարանների հիմնման պետական ծրագրի շրջանակում համագործակցության հնարավորությունները:
Ընկերության ղեկավար Ժան Պոլ Բուայեն նշել է, որ Հայաստանն անասնապահական առևտրի համար բարենպաստ աշխարհագրական դիրք ունի, ինչպես նաև հրաշալի լեռնային արոտավայրեր, և իրենք հետաքրքրված են և ոգևորված Հայաստանում ներդրումներ կատարել:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ հանդիպումից հետո «Ժան Պոլ Բուայե» ընկերության ներկայացուցիչները ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում հանդիպել են նաև մի շարք անասնաբուծական ընկերությունների հետ և քննարկել համագործակցության հնարավորություններ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին