Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են Հայաստանում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգությանը վերաբերող հարցեր

2017-11-17

17.11.2017ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին քննարկման էր հրավիրել  մի խումբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, գիտնականների Հայաստանում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչներ:

 

Շնորհակալություն հայտնելով հրավերին արձագանքելու համար` Իգնատի Առաքելյանը կարևորել է սերտ համագործակցությունը գիտական հանրության հետ` հույս հայտնելով, որ նրանց առաջարկներն ու դիտարկումները կօգնեն այս հարցում առավել արդյունավետ և ճիշտ լուծման տարբերակներ գտնել: Ներկաները մասնավորապես քննարկել են ԳՁՕ-ների օրենսդրական կարգավորմանը, կիրառմանը, անվտանգությանը, վերահսկողությանն առնչվող մի շարք հարցեր:

 

Մասնակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ է  օրենսդրորեն կարգավորել տրանսգենային գյուղատնտեսություն վարելը Հայաստանում, պարտադիր մակնշման պահանջ սահմանել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների օգտագործմամբ սննդամթերքի համար, շեշտադրել օրգանական գյուղատնտեսության զարգացումը`  որպես ռազմավարական ուղղություն:

 

Քննարկումների արդյունքում` նշված հարցերի կարգավորման շուրջ աշխատանքներ տանելու նպատակով որոշվել է ստեղծել հանձնաժողով, որում կընգրկվեն ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ բնապահպանության և ՀՀ առողջապահության նախարարության պատասխանատուներ, ինչպես նաև ներկայացուցիչներ հասարակական հատվածից:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել