Հղի կովերի և երինջների կերակրումն ու խնամքը
2014-03-28
Հայաստանի Հանրապետությունում կովերի ծինն ընթանում է առավելապես փետրվար-ապրիլ ամիսներին:
Հղի կովերի լիարժեք կերակրումը և լավ խնամքն ապահովում են պտղի նորմալ զարգացումն արգանդում, իսկ ծնելուց հետո` կովի բարձր կաթնատվությունը:
Հղի կովերին պետք է ցամաքեցնել (կթելը դադարեցնել) ծնելուց շուրջ 60 օր առաջ: Այդ ժամանակաշրջանում, որը կոչվում է ցամաքի շրջան, հարկավոր է, որպեսզի կովը հանգստանա, օրգանիզմում անհրաժեշտ քանակությամբ սննդարար նյութերի պաշար կուտակվի, պտուղը նորմալ զարգանա և ծնելուց հետո ապահովվի բարձր կաթնատվություն:
Հղի կովերի լիարժեք կերակրումը հատկապես կարևոր է դրանց հղիության վերջին 2-3 ամիսների ընթացքում, քանի որ այդ շրջանում պտուղն աճում է ինտենսիվորեն: Հղիության 7-րդ ամսում կովի պտուղը կշռում է 12-14 կգ, իսկ ծնվելիս` 30-40 կգ: Հղիության վերջին երկու ամսվա ընթացքում պտուղն աճում է օրական 300-400 գրամ: Մեծանում են նաև կովի արգանդն ու կուրծը:
Հղիության վերջին ամիսներին կովերին և երինջներին անբավարար կերակրելու դեպքում` ծինն ընթանում է անհաջող, հորթը ծնվում է թույլ, ոչ կենսունակ, իսկ կովը ծնելուց հետո քիչ կաթ է տալիս:
Հղի-ցամաք կովերի կերակրումն այնպես պետք է կազմակերպել, որ ցամաքի շրջանի 2 ամսվա ընթացքում դրանց կենդանի զանգվածն ավելանա 45-50 կգ, օրական ապահովվի 750-850 գ քաշաճ:
Ծնելու ժամանակ կովը պետք է ունենա միջին կամ բարձր սնվածություն:
Հղի կովերի և երինջների լիարժեք կերակրումն ու լավ խնամքը բարերար ազդեցություն են թողնում նաև ծնելուց հետո ստացվող խիժի քանակի և որակի վրա, իսկ խիժն անփոխարինելի կեր է նորածին հորթերի համար կյանքի առաջին օրերին: Ծնին լավ նախապատրաստած կովի խիժն ավելի հարուստ է իմուն նյութերով, որը շատ կարևոր է նորածին հորթի առողջ պահպանման և ստամոքսաաղիքային համակարգի հիվանդություններից զերծ պահելու համար:
Հղի-ցամաք կովերի և երինջների պահանջը սննդանյութերի նկատմամբ կախված է դրանց կենդանի զանգվածից և սպասվելիք մթերատվությունից:
Բերված նորմաները նախատեսված են միջին սնվածության կովերի համար: Միջակից ցածր սնվածություն ունեցող կովերին կերակրելիս` առաջարկված նորմաներին պետք է ավելացնել 1-2 կերի միավորին համարժեք սննդանյութեր:
Ելնելով առաջարկված կերանորմաներից, ֆերմերները կազմում են կերաբաժիններ` իրենց կովերին կերակրելու համար:
Բերված կերաբաժինները մոտավոր են` մի կերը կարող է փոխարինվել մեկ այլ կերով, սակայն, կերաբաժնի ընդհանուր սննդարարությունը պետք է պահվի նորմայի սահմաններում:
Երինջներին կերակրում են 3000-4000 կգ կաթ տվող և 400-500 կգ կենդանի զանգվածով կովերի համար սահմանված կերանորմաներով և կերաբաժիններով:
Հղի–ցամաք կովերի և երինջների համար լավագույն կերերն են` լավ որակի խոտը, սենաժը և սիլոսը, որոնք պետք է կազմեն շուրջ 8-11 կերի միավոր: Մեկ կերի միավորի հաշվով, հղի կովերը պետք է ստանան 105 – 110 գ մարսելի պրոտեին, 10-12 գ կալցիում, 7 – 8 գ ֆոսֆոր և 40 – 50 մգ կարոտին: Կերաբաժնում խտացրած կերերը պետք է ապահովեն սննդարարության 20-30 տոկոսը (2-2.5 կգ), խոտը` 25-30% (5-6 կգ), սիլոսը` 15 – 20% (մինչև 10 կգ), սենաժը` 30 – 35% (մինչև 15 կգ), արմատապտուղները` 8 – 10% (8-10 կգ): Հղի-ցամաք կովերին չի կարելի տալ մզուկ (ժոմ), տկնուցք (բարդա), մրուր (մեզգա), գարեջրի դիրտ (դրաբինա), խաղողի կնճիռ (վիժիմկա): Դրանք կարող են առաջացնել հղի կովերի ստամոքսաաղիքային համակարգի խանգարումներ, անգամ` վիժում: Նման երևույթներ կարող են ի հայտ գալ նաև սառած սիլոսով, ճակնդեղով կամ բորբոսնած, փտած կերերով կովերին կերակրելու դեպքում: Հղի – ցամաք կովերին և երինջներին կերակրում են օրվա ընթացքում 2-3 անգամ, կենդանիները մշտապես պետք է ապահովված լինեն խմելու ջրով, սակայն շատ սառը ջուրը կարող է հանգեցնել հղի կովերի վիժման: Հղի-ցամաք կովերը և երինջներն օրվա ընթացքում, 3-4 ժամ տևողությամբ, պետք է լինեն զբոսա-կերակրման անասնաբակում` ակտիվ զբոսանքի մեջ: Ակտիվ է կոչվում այն զբոսանքը, երբ կենդանիներին անասնագոմից 2-3 կմ հեռացնում են, ապա` վերադարձնում գոմ: Ամենօրյա ակտիվ զբոսանք կազմակերպելու դեպքում` քիչ են լինում հետծննդային բարդությունները, դժվար ծինը, ընկերքի պահումը, սեռական շրջափուլի խանգարումները, կրծաբորբը և այլն: Ամռանը հղի – ցամաք կովերի և երինջների հիմնական կերը` կանաչ կերն է, արոտի կանաչը կամ հնձած կանաչ զանգվածը: Հղի – ցամաք կովերը և երինջները ամռանը պետք է պահվեն արոտներում: Գյուղամերձ արոտներում կովերին պահելիս` արոտները և ջրելատեղերը պետք է լինեն գյուղին, ֆերմային մոտիկ (ոչ ավելի` 2-2.5 կմ), որպեսզի դրանք չհոգնեն արոտ գնալ-գալուց: Արոտների բացակայության դեպքում` հղի – ցամաք կովերին կերակրում են կանաչ զանգվածով` օրական 50-60 կգ և խտացրած կերով` 1.5-2 կգ: Դրանք կովերին տրվում են գոմում կամ կից զբոսակերակրման անասնաբակում: Կարևոր միջոցառում է նաև հղի – ցամաք կովերի և երինջների լավ նախապատրաստումը ծնին: Ծնելուց 7-10 օր առաջ կովերի կերաբաժնից ցանկալի է հանել սիլոսը, իսկ 2-3 օր առաջ` նաև խտացրած կերերը: Այդ օրերին կովին պետք է տալ լավ որակի խոտ և խտացրած կերերի շփոթ: Սակայն, եթե կովի կրծի վիճակը նորմալ է (կուրծն ուռած չէ), այդ կերերի դուրս բերումը կերաբաժնից պարտադիր չէ: Այն ֆերմաներում, որտեղ կովերի ծնի համար կա ծնարան, ծնելուց 8-10 օր առաջ կովերին պետք է փոխադրել ծնարանային բաժանմունք և պահել կապած` 2-2.5 մ երկարությամբ և 1.5 մետր լայնությամբ կացոցներում (կանգնելատեղերում): Այն ֆերմաներում, որտեղ չկան ծնարանային բաժանմունքներ, ծնի նշանների երևան գալուն պես, կովերին տեղափոխում են կովանոցում ծնի համար հատկացված կանգնելատեղ (կացոց): Ավելի ցանկալի է կովանոցում, կովերի ծնի համար ունենալ անհատական վանդակ (դեննիկ)/: Վանդակի չափերն են 3×3.5 մետր, կողապատի բարձրությունը` 1.5 մետր: Ծնի վանդակը կահավորում են կերամսուրով, խմոցով, վակուում խողովակով` կովին մեքենայով կթելու համար: Ծնի վանդակում կովին պահում են անկապ: Ծնից առաջ կովին ենթարկում են սանիտարական մշակման, արտաքին սեռական օրգանները լվանում ախտահանիչ միջոցներով, տաք ջրով մաքրում կամ լվանում են մարմնի կեղտոտված հատվածները, կովի տակ փռում առատ, չոր, մաքուր ծղոտ: Սովորաբար, կովերը ծնում են առանց մարդու միջամտության, սակայն, եթե անհրաժեշտ է լինում, պետք է օգնել, որպեսզի ծինը ընթանա նորմալ:
Աղբյուրը՝ <<Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն>> ՓԲԸ