Սուբսիդավորվող գյուղվարկեր կտրամադրի նաև «Կամուրջ» ՈՒՎԿ-ն

2017-11-09

1ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը և «Կամուրջ» ՈՒՎԿ–ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արփինե Արշակյանը ստորագրել են հուշագիր գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ:

 

«Կամուրջ ՈՒՎԿ-ն թվով 4-րդ ֆինանսական կառույցն է, որը ցանկություն է հայտնել միանալ ծրագրին:  Բանակցություններ են ընթանում նաև այլ կազմակերպությունների հետ: Որքան շատ ֆինանսական կառույցներ միանան ծրագրին, այնքան մեծ կլինի մրցակցությունը, և ֆերմերները կկարողանան ընտրել  իրենց գործընկեր կառույցին», – նշել է Ռոբերտ Մակարյանը:
 

 Փոխնախարարը հավելել է, որ մարզերում ակտիվորեն  ընթանում են հավաստագրման դասընթացները,  1600  ֆերմերներ հավաստագրվել են, արդեն կան նաև ծրագրից օգտված վարկառուներ:
    

 Վահե Հարությունյանն իր հերթին հավելել է, որ վարկերի շեմի բարձրացումը հնարավորություն է տալիս գյուղացիական տնտեսություններին կապիտալ ծախսեր  կատարել և ավելի մեծ թափով զարգացնել իրենց տնտեսությունները, իսկ ծրագրում շատ ֆինանսական կառույցների ներգրավումը հնարավոր է դարձնում աշխարհագրական առումով ընդլայնել տարածքները` գյուղացիական տնտեսությունների համար առավել հասանելի դարձնելով այդ վարկային պրոդուկտը:

 

Արփինե Արշակյանը նշել է, որ «Կամուրջ» ՈՒՎԿ-ն ունի գրասենյակներ հանրապետության բոլոր մարզերում, և հավաստագրեր ստացած գյուղացիական տնտեսություններն արդեն  կարող են դիմել սուբսիդավորվող վարկեր ստանալու համար: «Գյուղատնտեսության վարկավորումը մեզ համար նոր քայլ չէ: Միանում ենք նաև այս ծրագրին, որպեսզի կարողանանք էլ ավելի լայն շրջանակների էլ ավելի լավ պայմաններով սպասարկել»,- նշել է «Կամուրջի»  ներկայացուցիչը:

 

Ծրագրի շրջանակում գյուղացիական տնտեսություններին տրամադրվում են 3-10 մլն դրամ գումարի չափով, տարեկան 5 % տոկոսադրույքով վարկեր, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների և գյուղատնտեսական կոոպերատիվների համար տոկոսադրույքը կազմում է ընդամենը 3 %: Պոտենցիալ շահառուները ծրագրից օգտվելու համար պետք է պարտադիր ուսուցում անցնեն Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներում և ստանան հավաստագիր, ինչն էլ իրավունք կտա դիմել ֆինանսական կառույցներին:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

 

Տպել