Իգնատի Առաքելյանն ընդունել է Վրաստանի գյուղնախարար Լևան Դավիթաշվիլիին
2017-10-13
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, պաշտոնատար այլ անձինք:
Վրաստանի գյուղնախարարը Հայաստան է ժամանել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հրավերով` մասնակցելու «ԱրմՊրոդԷքսպո» ագրոպարենային ապրանքների միջազգային ամենամյա ցուցահանդեսին:
Ողջունելով հյուրերին` նախարար Առաքելյանը կարևորել է երկու հարևան երկրների միջև կապերի ամրապնդումն ու փոխգործակցության խթանումը գյուղատնտեսության ոլորտում, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող համատեղ ծրագրերի իրականացումը:
Կողմերը մտքեր են փոխանակել գյուղոլորտում ընթացիկ տարվա ընդհանուր մակրոտնտեսական ցուցանիշների, բնակլիմայական պայմանների ազդեցությամբ արձանագրված զարգացումների շուրջ:
Երկու երկրների գյուղատնտեսության նախարարները հատկապես կարևորել են փորձի և տեղեկատվության փոխանակումն ու համագործակցության զարգացումն ապահովագրական համակարգի ներդրման, անասնապահության` մասնավորապես ոչխարաբուծության ճյուղի զարգացման, օրգանական գյուղատնտեսության, ինտենսիվ այգիների հիմնման ուղղություններով:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային ձևաչափ մշակել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները և համագործակցության առավել իրատեսական և շահավետ ուղղություններն ուսումնասիրելու նպատակով:
Հանդիպման ավարտից հետո Իգնատի Առաքելյանը և Լևան Դավիթաշվիլին մեկնել են մասնակցելու «ԱրմՊրոդԷքսպո» ագրոպարենային ապրանքների միջազգային ամենամյա ցուցահանդեսի բացման արարողությանը:
Նախատեսվում է նաև Վրաստանի գյուղնախարարի այցը մի շարք վերամշակող ընկերություններ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին