Վիրջինիայի միջազգային հետազոտությունների, կրթության և զարգացման կենտրոնի հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

2017-10-04

1Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանն ընդունել է ԱՄՆ Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտի և պետական համալսարանի միջազգային հետազոտությունների, կրթության և զարգացման կենտրոնի գործադիր տնօրեն Վան Քրոուդերին` համագործակցության հնարավոր ուղղությունները նախանշելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին  նաև Հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվության տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը և «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի» տնօրեն Վարդան Ուռուտյանը:

 

Ներկայացնելով Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործունեությունն ու ընթացիկ և առաջիկա ծրագրերը՝ Գեղամ Գևորգյանն ընդգծել է, որ դրանք միտված են պետության և մասնավոր հատվածի համատեղ ջանքերով ագրարային ոլորտի զարգացմանը:

 

 «Հիմնադրամի տեսլականը նոր տեխնոլոգիաներով, գիտության վրա հիմնված  մրցունակ և շահութաբեր   գյուղատնտեսություն ունենալն է: Այդ նպատակով հիմնադրամի  մարզային  կառույցների աշխատակիցները  մատուցում են խորհրդատվական ծառայություններ, ինչպես նաև  ֆերմերների համար իրականացվում են կրթական ծրագրեր, մեծ ուշադրություն ենք դարձնում փորձացուցադրական այգիների հիմնմանը»,- նշել է Գեղամ Գևորգյանը:

 

Հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվության տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը հավելել է, որ հիմնադրամի նպատակն է Հայաստանում հզորացնել գյուղատնտեսության խորհրդատվական ծառայությունները և ուսուցման համակարգում ապահովել գիտություն-խորհրդատու-ֆերմեր շղթայի արդյունավետ համագործակցությունը:

 

Կենտրոնի գործադիր տնօրեն Վան Քրոուդերն իր հերթին բարձր է գնահատել հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքները՝ նշելով, որ այն կարող է որպես օրինակելի մոդել ծառայել:

 

Հանդիպման ընթացքում կողմերի միջև ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել