Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի հետ քննարկվել են ագրարային ոլորտի նոր ծրագրերը

2017-09-26

1ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատաժողով գյուղոլորտի նոր ծրագրերը քննարկելու նպատակով, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի համանախագահ Մարգարիտա Հակոբյանը, Դաշինքի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Ռոբերտ Մակարյանը, Արմեն Հարությունյանը, Աշոտ Հարությունյանը և պաշտոնատար այլ անձինք:

 

Նախարար Իգնատի Առաքելյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին՝ նշելով, որ ձևավորվել է համատեղ աշխատանքային խումբ՝ նպատակ ունենալով Դաշինքի անդամներին ընդգրկել ծրագրերի իրականացման գործընթացում, ինչն էականորեն կնպաստի ծրագրերի արդյունավետության բարձրացմանը:

 

Նախարարը կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումը՝ ընդգծելով, որ մշտապես պատրաստ է աջակցել դրանց կազմակերպմանը:
Գյուղատնտեսության նախարարարության պատասխանատուները ներկայացրել են գյուղոլորտի զարգացմանն ուղղված նոր ծրագրերը, դրանց հիմնական գաղափարախոսությունը, հիմնադրույթները, ակնկալվող արդյունքները:

 

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել վերամշակող ընկերություններին, գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, կարկտապաշտպան ցանցերի, կաթիլային ոռոգման համակարգերի ծրագրերին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրին:

 

Գյուղատնտեսական դաշինքի պատասխանատուները դրական են գնահատել ոլորտի զարգացմանը միտված ծրագրերը:

 

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցել ծրագրերի իրազեկման աշխատանքների հարցում, ինչպես նաև պարբերաբար քննարկումներ կազմակերպել ընթացիկ հարցերի շուրջ:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել