Հոլանդական ընկերությունները հետաքրքրված են համագործակցել հայ գործընկերների հետ գյուղատնտեսության ոլորտում

2017-09-20

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է գյուղատնտեսական սարքավորումների արտադրությամբ զբաղվող հոլանդական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների: Հանդիպման նպատակն էր քննարկել  գյուղատնտեսության բնագավառում հայ-հոլանդական գործարար կապերի ընդլայնման և Հայաստանում հոլանադական գյուղտեխնիկայի ներդրման հնարավորությունը:

 

 «Մեզ համար չափազանց կարևոր է գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում ավելացնել արտադրության ծավալները, ապահովել բարձրորակ գյուղմթերք, որը մրցունակ կլինի արտասահմանյան շուկաներում: Այդ նպատակով մենք պատրաստ ենք ուսումնասիրել ոլորտի բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված յուրաքանչյուր առաջարկ և քննարկել ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունները», – ողջունելով հյուրերին` նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

 

Հանդիպման ընթացքում հյուրերը համառոտ ներկայացրել են իրենց ընկերությունների գործունեությունը, ագրարային ոլորտում համագործակցության առավել նպատակահարմար ուղղությունները: Մասնավորապես, հյուրերն առավել մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանում ջերմոցաշինության, բանջարեղենային պահեստների և սառնարանային տնտեսությունների ստեղծման, թռչնաբուծարաններում և անասնապահական ֆերմաներում հոլանդական սարքավորումների տեղադրման ուղղությամբ:

 

Հոլանդական կողմը հնարավոր է համարել նաև հայ մասնագետների վերապատրաստումը  Նիդերլանդներում:  

 

Այնուհետև նախարար Իգնատի Առաքելյանը հյուրերին ներկայացրել է պետական աջակցության նոր ծրագրերը, գյուղտեխնիկայի լիզինգի պայմանները և նշել, որ հոլանդական ընկերությունները նույնպես կարող են դառնալ այդ ծրագրերի մասնակից:

 

 Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր:

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել