Չեխական և իսպանական ընկերությունների հետ քննարկվել են գյուղոլորտում համագործակցության հնարավորությունները

2017-09-15

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է չեխական «Ֆուդիշ» ընկերության ներկայացուցիչ Կարեն Սարգսյանին` գյուղատնտեսության բնագավառում չեխ գործընկերների հետ համագործակցության հնարավոր ուղղությունները քննարկելու նպատակով:

 

Համառոտ ներկայացնելով «Ֆուդիշ» ընկերության գործունեությունը` Կարեն Սարգսյանը տեղեկացրել է, որ կազմակերպության հիմնական առաքելությունը գյուղմթերքի արտադության կազմակերպման և բազմաթիվ երկրներից պատրաստի արտադրանքի ներմուծումն ու փաթեթավորումն է:

 

Ընդգծելով պետական աջակցության ծրագրերի կարևորությունն ագրարային ոլորտի հետագա զարգացման համար` նա տեղեկացրել է, որ չեխական կողմը աշխատանքներ է տանում Հայաստանում ներկայացուցչություն բացելու ուղղությամբ:

 

«Կաթիլային համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի պահանջարկը մեծ է, շուկան ազատ, հաջորդ տարվանից այս ոլորտներում տրամադրվող վարկերի տոկոսադրույքները պետական աջակցության ծրագրերով մասամբ սուբսիդավորվելու են, ուստի մենք պատրաստ ենք քննարկել այս հարցերի շուրջ բոլոր առաջարկները», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

 

Հայկական կողմի հետ գործակցությունն ավելի ամուր և իրատեսական հիմքերի վրա դնելու նպատակով նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկել է գործնական կապեր հաստատել նաև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հետ:

 

Կողմերը քննարկել են նաև գյուղատնտեսության ոլորտում կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունը:   

 

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպում է ունեցել նաև իսպանական «Գլոբալտեք» ընկերության պատվիրակության հետ: Հյուրերը նախարարին է ներկայացրել մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են մասնավորապես Հայաստանում ջերմոցային տնտեսությունների ստեղծման, ինտենսիվ այգիների հիմնման, բերքի առավել արդյունավետ պահպանման նպատակով պահեստավորման կենտրոնի բացմանը:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել