Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենն ԱՄՆ Գյուղդեպարտամենտի պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավոր ուղիները

2017-08-30

1Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի (USDA) արտաքին գյուղատնտեսական ծառայության կարողությունների ուժեղացման և զարգացման գրասենյակի ծրագրի ղեկավար Կլեմեն Գելհարի գլխավորած պատվիրակությանը:

 

Հանդիպման նպատակն էր քննարկել USDA-ի օժանդակությամբ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում վերջին տարիներին իրականացվող ծրագրերը և նախանշել հիմնադրամի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները:

 

Ներկայացնելով հիմնադրամի գործունեությունը, ընթացիկ և առաջիկա ծրագրերը՝ Գեղամ Գևորգյանն ընդգծել է, որ այն միտված է ագրարային ոլորտի առավել արդյունավետ կառավարմանը, որը նախատեսվում է իրականացնել պետության և մասնավոր հատվածի միասնական քաղաքականության ներքո:

 

Անդրադառնալով ոլորտի խնդիրներին` հիմնադրամի գործադիր տնօրենը տեղեկացրել է, որ հանրապետության գյուղատնտեսության ոլորտում աստիճանաբար ներդրվելու են ժամանակակից տեխնոլոգիաներ: Մասնավորապես, իրականացվելու է աշխարհագրական թվայնացված համակարգի (ԱԹՀ) ներդրման ծրագիրը, որով կկատարվի տիեզերական պատկերների վերլուծություն, վնասների գնահատում, գյուղատնտեսության ոլորտում առկա տվյալների հավաքագրում, ինչն իր հերթին հնարավորություն կընձեռի վնասները գնահատել առավել օպերատիվ և ճշգրիտ:

 

Հիմնադրամի տնօրենը կարևորել է նաև Գյուղդեպարտամենտի աջակցությամբ Հայաստանում հիմնադրված Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի (ATC) ու Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամի (CARD) գործունեությունը:

 

Պատվիրակության ղեկավար Կլեմեն Գելհարն իր հերթին ընդգծել է ԱՄՆ Գյուղդեպարտամենտի պատրաստակամությունը շարունակել աջակցություն ցուցաբերել Հայաստանում ագրարային ոլորտի բարելավման ու հետագա զարգացման ուղղությամբ:

 

Հանդիպման ընթացքում կողմերի միջև ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել