Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են հանրապետությունում ENPARD ծրագրի շրջանակում հնդկացորենի արտադրության փորձնական ծրագրի արդյունքները
2017-07-19
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն` Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի պատասխանատուների և շահառուների մասնակցությամբ հնդկացորենի արտադրության փորձնական ծրագրին առնչվող հարցեր քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Աշոտ Հարությունյանը և Արմեն Հարությունյանը:
«Մեր այսօրվա հանդիպման հիմնական նպատակն է քննարկել փորձնական ծրագրի արդյունքները, հստակեցնել հանրապետությունում հնդկացորենի և հնդկաձավարի արտադրության հարցերը, մասնավորապես իրացման փուլում առաջացող, որպեսզի նախարարությունը փորձի հնարավորինս աջակցել դրանց լուծմանը»,-իր խոսքում նշել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նախարարը կարևորել է հնդկացորենի արտադրության ընդլայնումը նաև ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու կառավարության որդեգրած քաղաքականության տեսանկյունից:
Շահառուները նշել են, որ ծրագրի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել նոր, ոչ ավանդական մշակաբույսի արտադրությամբ զբաղվել, հնդկացորենի մշակությունն առավել եկամտաբեր է, հնարավորություն է տալիս ցանքաշրջանառություն ապահովել, անվճար տրամադրվել Է սերմացու, պարարտանյութ, կազմակերպվել են դասընթացներ:
Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել է Բավրայում և Ծովագյուղում ստեղծված հնդկաձավարի արտադրությամբ զբաղվող գործարանների գործունեությանն առնչվող հարցեր: Հանդիպման մասնակիցները առաջարկել են քննարկել գործարանների գազաֆիկացման հարցը` առավել բարձրորակ արտադրանք ստանալու նպատակով: Բարձրացվել են նաև ներմուծվող հնդկացորենի գնի, մասնագետների համալրման և սարքավորումների տրամադրման հարցեր: Հանդիպման մասնակիցները մասնավորապես տեղեկացրել են, որ վերջին շրջանում զգալիորեն իջել է ներմուծվող հնդկացորենի գինը, մինչդեռ իրենց տվյալներով միջազգային շուկայում գնանկում չի նկատվում, ինչը խնդիր է առաջացնում տեղական արտադրողների համար իրացման հարցում:
Ընդգծելով տեղական արտադրությանը խթանելու կարևորությունը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, նշել է, որ նախարարությունը կքննարկի զտիչ սարքավորման, ջեռուցման, փաթեթավորման և շուկայահանման հարցերում աջակցություն ցուցաբերելու հարցը միջազգային կառույցների հետ, ինչպես նաև կդիմի ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով` ուսումնասիրելու շուկայում ներմուծողների կողմից հնարավոր չարաշահումների առկայությունը, որպեսզի տեղական արտադրողները գնային առումով մրցունակ լինեն և կարողանան շարունակել իրենց հետագա գործունեությունը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին