ՀՀ գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է ոլորտի ծրագրերն ու ընթացիկ արդյունքները
2017-07-10
Խնայողություններ ընթացիկ ծրագրերի հաշվին, արդեն մեկնարկած և նախատեսվող 6 նոր ծրագիր 2017-2018 թվականների համար` ուղղված գյուղոլորտի զարգացմանը, նոր մասնավոր ներդրումներ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է իրականացվող պետական աջակցության ծրագրերի արդյունքները, ինչպես նաև անդրադարձել ոլորտի զարգացմանն ուղղված նոր ծրագրերին, որոնք նախատեսվում է սկսել 2017-2018 թվականներին:
«Ընդհանուր առմամբ պետական բյուջեից առանց լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու` կատարված տնտեսումների հաշվին, մենք այս տարի 3 նոր ծրագիր ենք նախաձեռնել, որոնցից գյուղտեխնիկայի ձեռքբերման լիզինգային ծրագիրն արդեն մեկնարկել է: Բացի այդ, արդեն այս տարի որոշակի փոփոխություններ կլինեն սուբսիդավորվող վարկերի ծրագրում. կբարձրանա տրամադրվող գումարի շեմը, տոկոսադրույքները կդառնան առավել մատչելի»,- իր խոսքում մասնավորապես նշել է Իգնատի Առաքելյանը:
Նախարարի խոսքով` պարարտանյութերի սուբսիդավորման ծրագրից, որի համար 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված էր 2 մլրդ 110 մլն դրամ, օգտագործվել է ընդամենը 878 մլն-ը, ընդ որում ձեռքբերված պարարտանյութի քանակը չի նվազեցվել և բավարարվել է մարզերի կողմից ներկայացված ամբողջական պահանջարկը: Բյուջետային միջոցներ են տնտեսվել նաև դիզվառելիքի սուբսիդավորման ծրագրից, նախատեսված 330 մլն դրամից օգտագործվել է շուրջ 171 մլն դրամ գումար: Ինգատի Առաքելյանը հավելել է, որ դիզելային վառելիքի սուբսիդավորում ի սկզբանե նախատեսված չէր իրականացնել, սակայն հետագայում կատարված վերլուծությունները, ինչպես նաև մարզերից ստացված պահանջարկը ցույց են տվել, որ ծրագիրն այս տարի անհրաժեշտ է շարունակել, տրամադրված մատչելի դիզվառելիքը գյուղացիական տնտեսությունները կարող են օգտագործել աշնանացանի աշխատանքների համար:
Անդրադառնալով նոր նախաձեռնություններին` նախարարը նշել է, որ գյուղտեխնիկայի ձեռքբերման լիզինգային ծրագրի շրջանակում արդեն տրամադրվել է 23 տրակտոր, ինչպես նաև այլ գյուղտեխնիկա: Ծրագիրն այս տարի փորձնական էր, սակայն կառավարությունը նաև հաջորդ տարիներին այն շարունակելու մտադրություն ունի. քննարկվում է գնման առարկաների անվանացանկն ընդլայնելու հարցը: Որպեսզի նաև լիզինգային ծրագրի շահառու դառնալու համար ֆինանսական միջոցներ չունեցող փոքր տնտեսությունները կարողանան օգտվել ժամանակակից գյուղտեխնիկայից, Գյուղատնտեսության նախարարությունը շուտով կսկսի մեքենատրակտորային կայանների ստեղծման փորձնական ծրագիրը:
Հաջորդ խնդրահարույց հարցի` մթերումների դիմաց վճարումների խնդիրը կարգավորելու նպատակով օգոստոս ամսից կմեկնարկի մատչելի պայմաններով` 3 % տոկոսադրույքով, վերամշակող ընկերություններին մթերման վարկերի տրամադրման ծրագիրը: Նախարարի պարզաբանմամբ` վարկը տրամադրվելու է վերամշակողին, սակայն գումարը փաստացի ստանալու է գյուղացիական տնտեսությունը, որի բերքը կնքված պայմանագրի համաձայն մթերել է տվյալ կազմակերպությունը: «Այս ծրագիրը հնարավորություն կտա` նախ արմատավորել պայմանագրերի կնքման մշակույթը, ինչպես նաև հնարավորություն տալ վերամշակողներին ժամանակին կատարել վճարումները»,- նշել է գյուղնախարարը:
Առավել մատչելի կդառնան սուբսիդավորվող վարկերի տոկոսադրույքները. նախատեսվում է ավելացնել սուբսիդավորման գումարները` հնարավորություն ընձեռելով գյուղացիական տնտեսություններին ֆինանսական կառույցից վարկը ստանալ տարեկան 5 % տոկոսադրույքով, տրամադրվող գումարի շեմ կսահմանվի 3-10 մլն դրամը` նախկին մինչև 3 մլն-ի փոխարեն: Ծրագրում կներառվի բաղադրիչ, ըստ որի տնտեսությունները վարկային միջոցներ ստանալու համար պետք է ծրագիր ներկայացնեն, ինչը նպատակ ունի սուբսիդավորվող միջոցներն ուղղել բացառապես գյուղոլորտի զարգացմանը:
Նախարարն ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտում շարունակվում են նաև մասնավոր ներդրումային ծրագրերը, մասնավորապես հիմնվում են ինտենսիվ այգիներ, կառուցվում են նոր ժամանակակից ջերմատներ. տարեսկզբին հայտարարված 120 մլն դոլար ներդրումների 40 տոկոսն արդեն իրականություն է:
Անդրադառնալով կառավարություն ծրագրում գյուղատնտեսության բաժնին` նախարարը խոսել է կաթիլային համակարգի, կարկտապաշտպան ցանցերի ներդրման և ապահովագրության ծրագրերից, որոնց մեկնարկը նախատեսված է 2018 թվականից:
Իգնատի Առաքելյանը մասնավորապես նշել է, որ կաթիլային համակարգի ներդրման համար տրամադրվող վարկերի սուբսիդավորման ծրագրով նախատեսվում է խթանել բազմամյա տնկարկներում՝ պտղատու և խաղողի այգիներում, բարձրարժեք մշակաբույսերի դաշտերում ոռոգման արդյունավետ եղանակների ներդրման գործընթացը: Արդյունքում` կունենանք հանրապետության ջրային, էներգետիկ և հողային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործում, բերքի որակի բարելավում, մշակովի հողատարածքների ընդլայնում` պոտենցիալ ոռոգելի, սակայն փաստացի չմշակվող տարածքների մշակման խթանում:
Գյուղատնտեսությունում հակակարկտային ցանցերի ներդրման պետական աջակցության ծրագրով նույնպես նախատեսվում է վարկային տոկոսադրույքի սուբսիդավորման կիրառում, որով գրեթե կբացառվեն կարկտահարության վնասները, կբարձրանա ապահովագրության համար գրավչությունը, կբարելավվի բերքի որակը, կավելանան տնտեսավարողների եկամուտները:
Նախարարն առանձնահատուկ կարևորել է ապահովագրական համակարգի ներդրումը ոլորտում, որով հնարավորություն կտրվի ճիշտ և թիրախային ներդրումների հոսք ապահովել, ինչպես նաև բարձրացնել ոլորտի արդյունավետությունը: Նախատեսվում է ապահովագրական համակարգի փորձնական ծրագրի կիրառումը սկսել 2018 թվականից:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին