ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է Շինշիլաբույծների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչներին
2017-06-16
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Շինշիլաբույծների հայկական ասոցիացիայի ներկայացունիչներին: Հանդիպմանը մասնակցում էին նաև նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը և Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը:
Հանդիպման նպատակը Հայաստանում շինշիլաբուծության՝ որպես այլընտրանքային անասնապահության ճյուղի զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերի քննարկումն էր:
Շինշիլաբույծների հայկական ասոցիացիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ Նարեկ Վարդանյանը ներկայացրել է ոլորտի ներկա վիճակը: Նախարարին տեղեկացվել է, որ ներկայումս Հայաստանում շինշիլաբուծության 50-60 տնտեսություն է ձևավորված, որտեղ առկա է 3000-3200 գլուխ շինշիլա: Առաջիկա մեկ տարում ասոցիացիան նախատեսվում է ևս 1000 գլխաքանակի ներմուծում իրականացնել: Նշվել է նաև, որ Շիրակի, Գեղարքունիքի մարզերում, Սյունիքի լեռնային գոտում, ինչպես նաև Կոտայքի մարզի որոշ հատվածներում պայմաններն ավելի նպաստավոր են շինշիլաբուծության զարգացման համար:
Հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել Հայաստանում շինշիլայի մորթու վերամշակման գործարան հիմնելու, շինշիլաբուծությամբ զբաղվող ֆերմերային տնտեսությունների հաշվառման, ինչպես նաև ուսուցողական դասընթացների և խորհրդատվական ծառայությունների կազմակերպման և այլ հարցերի շուրջ համագործակցության հարցերին:
Շինշիլաբույծների հայկական ասոցիացիայի մասին համապարփակ տեղեկատվություն զետեղված է ասոցիացիայի պաշտոնական՝ shinshila.am կայքէջում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին