Իրանական ընկերության հետ քննարկվել է Հայաստանում տոհմային ճտերի արտադրության կազմակերպման հարցը

2017-06-01

1ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն այսօր ընդունել է իրանական թռչնաբուծական «Մորղփարվար» ընկերության հիմնադիր  տնօրեն Հոսեյնղոլի Լոթֆիին:

 

Հոսեյնղոլի Լոթֆին  տեղեկացրել է, որ ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում իրականացնել երկարաժամկետ գործունեություն տոհմային ճտերի արտադրության կազմակերպման ուղղությամբ:  

 

«ՀՀ կառավարությունը խնդիր է դրել փոխարինել ներմուծումը տեղական արտադրանքով, ուստի մենք ողջունում ենք Ձեր նախաձեռնությունը և հայտնում մեր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել Ձեզ Հայաստանում արտադրության  կազմակերպման ուղղությամբ», – նշել է փոխնախարարը:

 

Այնուհետև Աշոտ Հարությունյանը Հոսեյնղոլի Լոթֆիի խնդրանքով համառոտ ներկայացրել է Հայաստանում թռչնաբուծության ոլորտի ներկա վիճակը, առաջնային հարցերը, ինչպես նաև այս ոլորտում գործող օրենսդրական դաշտը:

 

Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հանգամանքը` նախարարի տեղակալը հնարավոր է համարել նաև հետագայում պատրաստի արտադրանքը արտահանել դեպի ԵՏՄ շուկա: Միաժամանակ փոխնախարարն ընդգծել է  բարձրորակ արտադրանքի ապահովման կարևորությունը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են արտադրության կազմակերպմանն առնչվող մի շարք այլ հարցեր ևս:      

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել