Գյուղատնտեսական մշակաբույսերի ուսումնասիրության, տեղական սորտերի և պոպուլացիաների փորձարկման աշխատանքների կազմակերպման նպատակով, ԽՍՀՄ Հայժողկոմատի որոշմամբ 1924թ. գարնանը Հայաստանում, նախալեռնային գոտուն բնորոշ պայմաններում, Շիրակի տափաստանում, Լենինականի քաղաքի հյուսիս-արևելյան հատվածում, ծովի մակերևույթից 15470.0մ բարձրություն ունեցող սևահողերի վա կազմավորվում է միութենական սորտցանցի հենակետը: Սերմփորձագետին հանձնվում է Ամերկոմի և կոմունալ տնտեսություններից առանձնացված 21,5 դեսյատին, այսինքն 12 հա հողատարածություն:
Երկու տարվա գործունեությունից հետո, 1926 թվականին, Համամիութենական բուսաբուծության գ/հ ինստիտուտի միջնորդությամբ, Հայաստանի հողժողկոմատը Լենինականի սերմփորձագետը վերակառուցում է տեսակափորձադաշտի, դաշտերը բաժանում են հինգդաշտյա սերմափոխահողամասերի և կազմակերպվում է սերմաշրջանառության հետևյալ սխեման`
ա/ զբաղված ցել
բ/ աշնանացան/փորձնական ցանքեր/
գ/ գարնանացան /հավաք. գ-ներ/
դ/ արմատապտուղներ /շաքարի ճակնդեղ և այլն/
ե/ գարնանացան /հավաքածու գ.-ներ/
Լենինականի տեսափորձադաշտում, չնայած համապատասխան մասնագետների պակասին, տնտեսական ու տեխնիկական պայմանների բացակայությանը բավականին լուրջ ու ծավալուն աշխատանք է կատարվում` տեղում տարածված ու ներմուծված տարբեր մշակաբույսերի ուսումնասիրման ուղղությամբ:
1924-1926 թթ. ուսումնասիրություններ են կատարվել`
- Վարսակի 17 տեսակի վրա` երեք կրկնողությամբ,
- Ցորենի 19 տեսակի վրա` երեք կրկնողությամբ,
- Գարու 20 տեսակի վրա` 2 կրկնողությամբ
- Եգիպտացորենի 17 տեսակի վրա` 2 կրկնողությամբ,
- Սուդանի խոտ 1 տեսակ` 4 տարբերակով
- Շաքարի ճակնդեղ` 7 սորտ և այլն:
Այդ տարիներին փորձարկվել են ներմուծված տարբեր մշակաբույսերի աշխարհագրական հավաքածուի ավելի քան 200 սորտանմուշներ:
1926-1927թթ. աշխատանքների նպատակն է եղել ուսումնասիրել և Հայաստանի նախալեռնային գոտու համար ընտրել գարնանացան և աշնանացան հացաբույսերի արդյունավետ սորտեր` 1929 թ. համամիութենական հողժողկոմատի և կիրառական բուսաբանության ու նոր մշակաբույսերի գիտահետազոտական ինստիտուտի միջոցով: Լենինականի սորտափորձարկման տեղամասի բազային հատկացվում է լրացուցիչ քսան դեսյատին վարելահող և կազմակերպվում է հատիկաընդեղենային և կերային կուլտուրաների, ապա հետագայում նաև տեխնիկական և շարահերկային մշակաբույսերի փորձարկումներ: 1929թ. հայժողկոմատի գծով փորձադաշտում կազմակերպվում է մշակաբույսերի սերմերի աճեցման տնկարաններ, որը մի տարի հետո միացվում է նորաստեղծ ճակնդեղագործական սովխոզին: Ի դեպ նշեմ, որ հանրապետությունում շաքարի ճակնդեղի փորձարկումներն ու ագրոտեխնիկական հարցերը կազմակերպվել են 1924 թվականից:
Լենինականի փորձադաշտի պայմաններում, երեք տարվա հետազոտական աշխատանքների արդյունքներով, առաջարկություն է մտցվել Հայաստանում զբաղվել ճակնդեղագործությամբ, որի արտադրական նշանակության առաջին ցանքերը 12 հա-ի վրա կատարվել են 1928թ-ին.` փորձադաշտին կից կազմակերպված ճակնդեղագործական սովխոզում:
1931թ-ի. գարնանը Լենինականի սերմփորձակետի աշխատանքները բարելավելու նպատակով, կազմակերպվում է երեք բաժիններ և հողժողկոմատի հրամանով փորձադաշտը վերանվանվում է «Լենինականի փորձա-սելեկցիոն կայանի», որն իր մեջ ընդգրկում է երեք բաժիններ`
1/ հացաբույսերի /աշնանացան, գարնանացան ցորենների, գարի/
2/ հատիկաընդեղենային և տեխնիկական կուլտուրաներ /լոբի, սիսեռ, ոսպ, յուղատու կտավատ, եգիպտացորեն/
3/ կարտոֆիլի և բանջարանոցային մշակաբույսեր /կարտոֆիլ, կաղամբ, սեղանի ճակնդեղ, գազար/:
Երկրորդ բաժինը ագրոտեխնիկայի բաժինն էր և երրորդը` սերմնաբուծությունը:
Այդ տարիների սելեկցիոն և սերմնաբուծական աշխատանքները ղեկավարել է տեսակափորձահողամասի վարիչ` Արայիկ Բաղրամյանը, ում հետ հիմնականում աշխարհագրական ցանքերի գծով աշխատում էր ագրոնոմ Արծվիկ Սահակյանը:
1927թ. կայանում, որպես հեռանկարային մասնագետներ գործուղվում են Հայլուսժողկոմատի պետ, համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի ուսանողներ` Կարապետ Միխայելի Ստամբոլցյանը, Արմիկ Պետրոսյանը, իսկ 1924թ. կոլեկտիվը համալրվում է նույն ֆակուլտետի շրջանավարտներով` Վահան Կարապետյանը, Օլգա Ալեքսանյանը, Վարդուշ Ամյանը, Սուսաննա Խաչատրյանը, Զվարթ Խզմալյանը և Մարջիկ Մարջանյանը:
Տեսակափորձահողամասում սկսած 1924-25թթ. բավական բեղուն ու ծավալուն աշխատանքներ են կատարվել Ի.Ի.Մակարևիչի ղեկավարությամբ` շաքարի ճակնդեղի ուսումնասիրության և ներդրման ուղղությամբ: Մինչև 1929 թ., երբ փորձադաշտից առանձնացվում է շաքարի ճակնդեղը և կազմակերպվում է զոնալ կայանը,որտեղ այդ կուլտուրայի գծով լայնածավալ աշխատանքներ են կազմակերպում Օլյա Ալեքսանյանը և Արմիկ Պետրոսյանը:
1932 թ. ճակնդեղի զոնալ կայանի համամիութենական շաքարի ինստիտուտի համաձայնությամբ, նորից մտցվում է սելեկցիոն կայանի տարածքի մեջ` աշխատանքների առավել կոորդինացման ու բարելավման նպատակով:
Կայանն իր կազմավորման առաջին տարիներին ունեցել է 10-12հա հողատարածություն, ապա Ամերկոմի և ճակնդեղի սովխոզի լուծարումից հետո, դրանց կից վարելահողերը 1929-30թթ. ամրացվել է կայանին, այն կազմել է 375 հա: 1931-32թթ. հողերի մի մասը նորից հետ է վերցվել, կայանին մնացել է 100 հա վարելահող:
1932թ. կայանն ուներ արդեն 6 բաժիններ` սելեկցիայի, ճակնդեղագործության, բանջարաբուծության սորտակետ, կերհայթաթման և սերմնաբուծական, արտադրական ցանքերի:
Բանջարաբուծական բաժինը գտնվում էր Երևանում և իր տրամադրության տակ ուներ 2 հա հողատարածություն, որը համարվում էր կայանի հենակետը, որտեղ որպես հենակետի վարիչ և մասնագետ աշխատում էր Անահիտ Անանյանը: Համանման հենակետեր են բացվում Մարտունիում, Գյուլաքարակում` կարտոֆիլի գծով, որի վարիչն էր Տեր-Սահակյանը: Բացի հիշյալ մասնագետներից, այդ տարիներին կայանում աշխատել են Ամալյա Ազատյանը` կերաբույսերի և սիլոսային կուլտուրաների բաժնի վարիչ և ուրիշներ:
Կայանն այդ տարիներին դեռևս ապահովված չէր անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով, իսկ բանվորական ուժն ու սպասարկող անձնակազմը մեծամասամբ համալրվում էր սեզոնային և ժամանակավոր աշխատողներով:
Կայանի հետագա զարգացման համար կարևոր նշանակություն է ունեցել ՍՍՀՄ Հայժողկոմատի 1937թ. հունիսի 29-ի որոշումը «Հացահատիկային կուլտուրաների սերմերի բարելավման միջոցառումների մասին» և այդ որոշման հիման վրա փորձա-սելեկցիոն կայանը վերանվանվում է «Լենինականի պետական սելեկցիոն կայանի», որը հանրապետությունում միակն էր, որտեղ գիտափորձնական աշխատանքների հետ զուգընթաց տարվում էր լայնածավալ սելեկցիոն-սերմնաբուծական աշխատանքներ: Արդյունավետ ձևով զուգակցված էին գիտության և արտադրական հարցերը: Սելեկցիոն կայանը ծավալուն գործ է կատարել հանրապետության նախալեռնային գոտու գյուղատնտեսական արտադրության զարգացման համար` իր նոր առաջարկություններով ու նոր սորտերի ներդրմամբ: Առ այսօր էլ եզակի գիտական օջախն է, որտեղ արտադրվում և հանրապետության համանման գոտիներին է մատակարարվում հացահատիկային և այլ գյուղատնտեսական մշակաբույսերի բարձր վերարտադրության սերմեր:
1937թ. առ այսօր սելեկցիոն կայանը զբաղվում է հասկավոր հացաբույսերի` աշնանացան և գարնանացան ցորեն, գարնանացան գարի, հատիկաընդեղենային կուլտուրաների` լոբի, ոսպ, սիսեռ, բազմամյա թիթեռնածաղկավոր խոտաբույսերի` կորնգան, առվույտ, բանջարանոցային կուլտուրաների` կաղամբի, գազարի, սեղանի ճակնդեղի սելեկցիայով և սերմնաբուծությամբ: Պարբերաբար, տարբեր տարիներին տարվել են նաև սելեկցիոն-սերմնաբուծական աշխատանքներ յուղատու կտավատի, կարտոֆիլի, եգիպտացորենի ուղղությամբ: Իսկ ագրոտեխնիկայի բաժինը, ագրոքիմիական լաբորատորիայի հետ, լայնածավալ աշխատանք է տարել Շիրակի գոտում մշակվող հիմնական մշակաբույսերի /ցորեն, գարի, կարտոֆիլ, եգիպտացորեն, կորնգան, առվույտ, շաքարի ճակնդեղ, հատիկաընդեղեններ և այլն/ ագրոտեխնիկական հարցերի ուսումնասիրության ուղղությամբ:
Բազմամյա փորձերով հիմնավորվել և ներդրվել են շրջանում խոտադաշտային և խոտադաշտյա պտղափոխային 8 և 10 դաշտյա ցանքաշրջանառությունների տիպերը, դրանցում մշակվող մշակաբույսերի պարարտացման, հանքային և օրգանական պարարտանյութերի օգտագործման նորմաներն ու կիրառման եղանակները, դրանց հետազդեցությունը և հողերի բերրիության բարձրացման հարցերը: Գիտահետազոտական աշխատանքներին զուգընթաց հոգ է տարվել կայանում ցանվող մշակաբույսերի բերքատվության բարձրացմանը:
Կայանը հանդիսանում է հանրապետության նախալեռնային գոտու հացաբույսերի/ցորեն, գարի/, հատիկաընդեղենների/լոբի, ոսպ, սիսեռ/, բազմամյա խոտաբույսերի/ կորնգան և առվույտ/, բանջարանոցային մշակաբույսերի/սեղանի ճակնդեղ, գլուխ կաղամբ, գազար/ էլիտային սերմերի աճեցնողն ու մատակարարը:
Առ այսօր կայանում ստեղծվել են գյուղատնտեսական մշակաբույսերի ավելի քան 40 սորտեր:
«Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերությունը (հետագայում`ընկերություն) համարվում է շահույթ ստանալու նպատակով հիմնադրված առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ, որի կանոնադրական կապիտալը բաժանված է ընկերության նկատմամբ բաժնետերերի պարտավորական իրավունքը հավաստիացնող որոշակի թվով բաժնետոմսերի: Ընկերության կողմից թողարկված բոլոր բաժնետոմսերը սեփականության իրավունքով պատկանում են Հայաստանի Հանրապետությանը:
Ընկերությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության նախկին «Երկրագործության գիտահետազոտական ինստիտուտ» պետական ձեռնարկության «Գյումրիի սելեկցիոն կայան» դուստր ձեռնարկության վերակազմավորման ճանապարհով, համաձայն ՀՀ գյուղատնտեսության նախարարության 1999 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 319 հրամանով և հանդես է գալիս նրա իրավահաջորդը:
Ընկերության հիմնադիր հանդիսացող պետական կառավարման մարմինն է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:
Ընկերության ստեղծման նպատակն է տնտեսական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումը:
Ընկերության գործունեության հիմնական տեսակներն են`
-Հացահատիկային մշակաբույսերի, բազմամյա խոտաբույսերի և գյուղատնտեսական այլ մշակաբույսերի սելեկցիոն գիտական հետազոտությունների իրականացումը Շիրակի դաշտավայրում,
-վերոհիշյալ մշակաբույսերի էլիտային, սուպեր-էլիտային, սուպեր-սուպեր-էլիտային սերմերի ստեղծումը և աճեցումը,
-դաշտային մշակաբույսերի աճեցման և պարարտացման, ինչպես նաև ցանքաշրջանառության տեխնոլոգիաների մշակումը,
-հացահատիկային մշակաբույսերի, բազմամյա խոտաբույսերի և գյուղատնտեսական այլ մշակաբույսերի սերմերի արտադրության կազմակերպումը, նրանց մթերումը, իրացումը, մեծածախ և մանրածախ առևտրի կազմակերպումը
-հացահատիկային մշակաբույսերի, բազմամյա խոտաբույսերի և կարտոֆիլի սերմերի ու այլ արտադրանքի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արտահանումը, ներմուծումը և ապրանքափոխանակումը,
-գյուղատնտեսության բնագավառում ծառայությունների մատուցում,
-պարենային և ոչ պարենային ապրանքների մեծածախ և մանրածախ առևտուր:
Տնօրեն ` Ռուբիկ Կարախանյան
Հեռ.` (+374312) 6 62 39
Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի 3113
Էլ.փոստ՝ info@gyumribrst.am
էլ. կայք` gyumribrst.am
«Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի կանոնադրություն