«Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը կազմավորվել է 2005 թվականին: Գործակալությունն իր գործառույթներն իրականացնում է «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» (23 նոյեմբերի 1999 թ.), «Սերմերի մասին» (20 մայիսի 2005թ.) ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության որոշումների և ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամաններին ու որոշումներին համապատասխան:
Գործառույթներն իրենց մեջ ներառում են`
• բույսերի նոր սորտերի արտոնագրի և օգտագործման թույլտվության հայտերի ձևակերպումներ,
• նոր սորտերի տարբերիչ առանձնահատկության, միատարրության և կայունության փորձարկումներ,
• բույսերի նոր սորտերի նկարագրության կազմում,
• նոր սորտերի արտոնագրում,
• հեղինակային իրավունքի վկայականի հանձնում,
• ՀՀ պետական գրանցամատյանի վարում,
• սերմերի որակի լաբորատոր հետազոտություններ,
• բարձր վերարտադրության սերմերի հավաստագրումներ,
• հավաստագրված սերմեր արտադրողների, ներկրողների, արտահանողների և իրացնողների գրանցամատյանի վարում,
• ապրոբատորների դասընթացների կազմակերպում և վկայագրերի տրամադրում լիազորված մարմնի կողմից:
«Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը բաղկացած է հետևյալ կառուցվածքային ստորաբաժանումներից`
1. Կենտրոնական գրասենյակ – տեղակայված է Արմավիրի մարզի Մերձավան համայնքում,
2. Սերմերի որակի ստուգման մարզային լաբորատորիաներ (Շիրակի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում),
3. Սորտափորձատեղամասեր -Աշոցքի, Քուչակի, Արտենիի, Գավառի, Վարդենիկի և Շաքիի:
Սկսած 2006թ. «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը իր մարզային լաբորատորիաների միջոցով յուրաքանչյուր տարի հետազոտություններ է անցկացնում շուրջ 14-15 հազար տոննա գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի, կարտոֆիլի տնկանյութի որակական ցուցանիշների գնահատման ուղղությամբ: Սերմերի լաբորատոր հետազոտություններ են իրականացվում 900-950 տնտեսվարող սուբյեկտների մոտ լաբորատոր հետազոտությունների ենթարկելով 1100-1200 փորձանմուշ:
«Սերմերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան ՀՀ Կառավարության որոշմամբ 2006թ-ից անց է կացվում գյուղատնտեսական մշակաբույսերի բարձր վերարտադրության սերմերի հավաստագրման գործընթաց, որի իրականացման նպատակով «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ում կազմվել և վարվում է Սերմարտադրողների գրանցամատյան:
Գրանցամատյանում գրանցված են ինչպես նախահիմնային և հիմնային սերմեր արտադրող պետական հաստատություններ, այնպես էլ ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք զբաղվում են բարձր վերարտադրության սերմերի բազմացմամբ և իրացմամբ:
Սերմերի հավաստագրման գործընթացն իրականացվում է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից, որին ներգրավված են ՀՀ-ում գրանցված ֆիզիկական անձ հանդիսացող, անկախ ապրոբատորներ: Գործընթացը սահմանված է ՀՀ կառավարության որոշմամբ և համապատասխանում է եվրոպական չափանիշներին:
Տնօրեն` Վլադիմիր Մանուկյան
Հեռ.` (+37494) 093 993
Հասցե` ՀՀ, Արմավիր, Մերձավան համայնք
Էլ.փոստ՝ sermer.poak@gmail.com
էլ. կայք` seed-agency.am
«Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կանոնադրություն