Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրից օգտվելու համար շահառուները կարող են դիմել ԳԱՄԿ-եր և ՓՄՁ ԶԱԿ մարզային մասնաճյուղեր

2017-03-27

seminarԱյսօր «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ում կկազմակերպվել էր դասընթաց  Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների և ՓՄՁ  ԶԱԿ մարզային մասնաճյուղերի աշխատակիցների համար` Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրին  դիմելու պայմանները ներկայացնելու նպատակով:

 

Միջոցառմանը ներկա էին  ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ -ի գործադիր տնօրեն  Արթուր Բադալյանը:

 

 «Որպեսզի ծրագրի շահառուներին զերծ պահենք ավելորդ քաշքշուկներից և ծախսերից, նախատեսվել է հայտերի հավաքագրումներն իրականացնել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնների մասնաճյուղերի և  գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների միջոցով, որոնք ներկայացված են բոլոր մարզերում: Այսօրվա միջոցառումը նպատակ ունի Ձեզ ներկայացնել ծրագրի մանրամասները և  ընթացակարգային հարցերը, որպեսզի Դուք տեղերում իրազեկեք գյուղացիներին, պատշաճ խորհրդատվություն տրամադրեք, գործընթացը սահուն կազմակերպվի, և ծրագիրն առավելագույնս հաջող ընթանա»,_ նշել է Ռոբերտ Մակարյանը:

 

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարը հավելել է, որ ծրագրի վերաբերյալ շահառուները կարող են տեղեկություններ ստանալ նաև նախարարության կայքէջից, ԳԱՄԿ-երի կողմից հրատարակվող թերթերից և համայնքապետարաններից:

 

Ռոբերտ Մակարյանի խոսքով` արդեն իսկ  առկա է դիմումների մեծ հոսք և հետաքրքրություն: Գյուղտեխնիկան տրամադրվում է 9 % տոկոսադրույքով, որից 7 տոկոսային կետը սուբսիդավորվում է պետության կողմից, արդյունքում`  շահառուները հնարավորություն ունեն տեխնիկան ձեռք բերել 2 % լիզինգային  տոկոսադրույքով` առանց լրացուցիչ որևէ վճարի:

 

«Մենք ծրագրիրը մեկնարկել ենք մեր գործընկեր «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի հետ,  որն աշխատում է «Սպեցմաշ» ընկերության հետ, սակայն շուկան բաց է բոլոր ֆինանսական կազմակերպությունների և մատակարարների համար, որոնք ցանկություն կհայտնեն  միանալու ծրագրին և աշխատելու նախատեսված պայմաններով»,- հավելել է Ռոբերտ Մակարյանը:

 

«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ -ի գործադիր տնօրեն  Արթուր Բադալյանն իր հերթին նշել է, որ գործընթացն օպերատիվ  կազմակերպելու համար ներգրավվել են ԳԱՄԿ-երն ու ՓՄՁ  ԶԱԿ մարզային մասնաճյուղերը` ընդգծելով, որ սա ընդհանուր աշխատանք  է և ակնկալում է սերտ համագործակցություն: Արթուր Բադալյանը  կոչ է արել միջոցառման մասնակիցներին ակտիվորեն տեղերում իրազեկման  աշխատանքներ իրականացնել, որպեսզի պոտենցիալ շահառուները տեղյակ լինեն ծրագրի մասին, ինչպես նաև տեղեկատվությունն առավելագույնս ճշգրիտ ներկայացնել, որպեսզի վարկունակ հայտատուներ ներգրավվեն ծրագրում և հետագայում վերադարձելիության խնդիրներ չառաջանան:

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել