ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կհամագործակցի ՓՄԶ ԶԱԿ-ի հետ գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում

2017-03-27

husagirՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանն այսօր ստորագրել են հուշագիր «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում համագործակցության վերաբերյալ:

 

«Այս հուշագրի հիմնական նպատակն է գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագրի մասին ՓՄՁ ԶԱԿ մասնաճյուղերի և գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների միջոցով մարզերում ֆերմերների իրազեկվածության և աջակցության ապահովումը», – իր խոսքում նշել է Ռոբերտ Մակարյանը:

 

Տեղեկացնելով, որ ծրագրի շրջանակում գյուղտեխնիկա կարող են ձեռք բերել ինչպես անհատ ֆերմերներ, կոոպերատիվներ, այնպես էլ համայնքներ` փոխնախարարը հավելել է, որ ծրագիրը բաց է լինելու բոլոր բանկերի, վարկային կազմակերպությունների և մատակարարների համար, բոլոր շահառուների համար պայմանները լինելու են հավասար:

 

Ռոբերտ Մակարյանը նաև նշել է, որ ծրագրով առաջին տարվա համար նախատեսվում է ձեռք բերել մինչև 2,2-2,8 մլրդ դրամի գյուղատնտեսական տեխնիկա, սակայն ֆերմերների կողմից լրացուցիչ պահանջարկի դեպքում հնարավոր է տրամադրվող ֆինանսական միջոցների ծավալների ավելացում:

 

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանն իր հերթին ընդգծել է ՓՄՁ ԶԱԿ պատրաստակամությունն ակտիվորեն համագործակցել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ ծրագրի իրականացման ընթացքում տեղեկատվության տարածման և պոտենցիալ շահառուների բացահայտման գործում:

 

 «Մեզ համար շատ կարևոր է այս ծրագրին աջակցություն ցուցաբերելը, քանի որ ակնկալվում է, որ ծրագրով ոչ միայն կթարմանա գյուղտեխնիկայի պարկը, այլև արդյունքում մենք կունենանք նաև նոր ստեղծված ՓՄՁ սուբյեկտներ, մասնավորապես գյուղմթերքի վերամշակման ոլորտում», – նշել է Լևոն Մնացականյանը:

 

Ծրագրի շրջանակում տնտեսավարողները կարող են ձեռք բերել տարբեր մակնիշների տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ,հավաքիչ-մամլիչներ, տրակտորային շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ և սրսկիչներ: Գյուղտեխնիկայի ձեռքբերման  պայմաններն են` 20% կանխավճար, տարեկան 2% լիզինգային տոկոսադրույք` առանց լրացուցիչ վճարների, 3-10 տարի մարման ժամկետ` կախված տեխնիկայի տեսակից:

 

Ծրագրով նույն լիզինգառուի կողմից ձեռք բերվող լիզինգի առարկաների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 200,0 մլն դրամը: Լիզինգի առարկաների ընդհանուր գումարը 100 մլն դրամը գերազանցելու դեպքում, լիզինգառուն մինչև լիզինգի պայմանագիր կնքելը այդ մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

 

Ծրագրի իրականացման արդունքում որոշակիորեն կնորացվի Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմը, ինչը նախադրյալներ կստեղծի առաջիկա տարիներին մատչելի մեխանիզմների կիրառմամբ տեխնիկայի համալրման առավել ընդգրկուն ծրագրերի իրականացման համար, որոնք զուգահեռ համայնքներին կից մեքենատրակտորային կայաններ ստեղծելու հնարավորություններ կստեղծեն: Բացի այդ,  որոշակիորեն կբարձրանա գյուղատնտեսությունում մեքենայացման մակարդակը, տնտեսապես կամրապնդվեն շահառու գյուղացիական տնտեսությունները, և պայմաններ կստեղծվեն վերջիններիս կողմից ապրանքային արտադրության կազմակերպման և հետագա զարգացման համար:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել