ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Էկոկենտրոն
2017-03-22
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ` կենտրոնի գործունեությանը ծանոթանալու, գիտական հայտնագործությունները գյուղատնտեսության մեջ կիրառելու հնարավորություններն ու հեռանկարները քննարկելու նպատակով:
Էկոկենտրոնում իրականացվող միջդիսցիպլինար հետազոտություններն ուղղված են տարածքների էկոլոգիական իրավիճակի համալիր գնահատմանը, էկոլոգիական ռիսկերի որոշմանը և բնական ռեսուրսների կառավարման գործընթացների օպտիմալացմանը: Էկոկենտրոնը հագեցած է ժամանակակից անալիտիկ-լաբորատոր սարքավորումներով, համակարգչային բազայով և գեոսերվերով:
ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի միջառարկայական խմբերի համատեղ աշխատանքի արդյունքում իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք ունեն կարևոր նշանակություն գյուղատնտեսության կարևորագույն խնդիրների լուծման համար, այդ թվում` կայուն ագրոպարենային համակարգերի ձևավորման մոդելների մշակում, սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատում, գյուղատնտեսական հողահանդակների քիմիական անվտանգության գնահատում, ՀՀ գյուղատնտեսության մեջ Global GAP միջազգային ստանդարտների ներդրում` գյուղմթերքի արտահանման ապահովման նպատակով, և այլն:
Այցի շրջանակում նախարարը տնօրեն Արմեն Սաղաթելյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և առաջիկա ծրագրերին: Ներկայացնելով «ԱՏՀ և հեռազինման տեխնոլոգիաներ, ժամանակակից մոտեցումներ գյուղատնտեսական խնդիրների լուծման գործում» ծրագիրը` ԱՏՀ և հեռազինման բաժնի ղեկավար Շուշանիկ Ասմարյանը նշել է, որ այն իրականացվելու է ծրագրային համապատասխան փաթեթների, տիեզերական նկարների, դրանց վերծանման ծրագրերի բարձրակարգ մասնագետների օժանդակությամբ: Կենտրոնը կիրառում է GIS տիեզերական հեռազննման տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները գյուղատնտեսության ոլորտում խնդիրների լուծման նպատակով: Շուշանիկ Ասմարյանի խոսքով` այս իննովացիոն տեխնոլոգիաների հնարավորությունները թույլ են տալիս ստեղծել հսկայական տեղեկատվական բազաներ, հավաքագրել փաստացի նյութը և կառավարել տվյալները որոշումների կայացման նպատակով: Կենտրոնն այսօր ունի մի քանի համազգային նախագծերի շնորհիվ հարստացված GIS համակարգի բազա, որը Արմեն Սաղաթելյանի խոսքով, աշխարհի լավագույն կիրառման օրինակներից մեկն է:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի կենտրոնը մեկշաբաթյա ժամկետում ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացնի փաթեթ GIS համակարգի կիրառման հնարավորությունների և ծառայությունների մատուցման ծրագրի վերաբերյալ` քննարկելու գյուղատնտեսության արդիական խնդիրների լուծման համար դրա կիրառման հարցը:
Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Լիլիթ Սահակյանն անդրադարձ է կատարել Հայաստանում գյուղատնտեսական հողերի աղտոտվածության խնդրին, ներկայացրեել հողերի աղտոտվածության արդյունքները և ծրագրի առավելությունը: Տեղեկացնելով, որ կենտրոնը հետազոտություններ է իրականացնում նաև Արցախի Հանրապետությունում` Լիլիթ Սահակյանը հավելել է, որ հողերի աղտոտվածության տեսանկյունից Ստեփանակերտը աշխարհի ամենամաքուր շրջաններից մեկն է:
Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը ներկայացրել է կենտրոնի հնգամյա գործունեության ձեռքբերմումներն ու արդյունքները, մասնավորապես, միջազգային դրամաշնորհների` Իտալիայի կառավարության կողմից կարողությունների զարգացման ծրագիրը, որի ընթացքում տեղայնացվել են սննդամթերքի ռիսկի գնահատման տարբեր բնագավառների միջազգային մեթոդներ:
Կենսաէներգետիկայի և կերերի որակի բաժնի պետ Բագրատ Մեժունցն իր հերթին ներկայացրել է գյուղատնտեսական կերահանդակների կենսազանգվածի, մասնավորապես, արոտավայրերի սննդարարության գնահատումը, հերթափոխ արածեցման ժամանակակից մեթոդները:
Ամփոփելով այցի արդյունքները` ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդգծել է կենտրոնի սերտ համագործակցության կարևորությունը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության ծառայության և Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հետ` ոլորտում առկա խնդիրների հայտնաբերման և լուծման նպատակով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին