Գյուղատնտեսական տեխնիկայի ձեռք բերման համար լիզինգի տոկոսադրույքը կկազմի 2 տոկոս
2017-03-17
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր քննարկում վարկային կազմակերպությունների և գյուղտեխնիկա ներկրողների ներկայացուցիչների մասնակցությամբ «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի իրականացմանն առնչվող հարցերի շուրջ, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի ներկայացուցիչներ:
«Ինչպես գիտեք, ՀՀ կառավարությունը երեկ հաստատել է գյուղտեխնիկայի ձեռքբերման լիզինգի պետական աջակցության ծրագիրը, որի սուբսիդավորման համար այս տարի կուղղվի 120 մլն դրամ գումար, սակայն եթե պահանջարկը մեծ լինի, ապա կդիմենք գումարի չափն ավելացնելու համար: Մենք հետևողական ենք լինելու և պարբերաբար ուսումնասիրելու ենք ծրագրի արդյունավետությունը, գյուղտեխնիկա ներմուծողների և ֆինանսական կառույցների հետ համատեղ վերլուծելու ենք թույլ կողմերը` դրանք հետագայում շտկելու և վերջնական սպառողին ներկայացնելու նպատակով», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Նախարարն ընդգծել է, որ գյուղտեխնիկայի արտադրման երկրի մասով որևէ սահմանափակում չի նախատեսվում:
«Մենք ստեղծել ենք մի դաշտ, որտեղ բոլորը կարող են մասնակցել և առաջարկ անել: Ես համոզված եմ` արտահանող երկրների համար սա խթան է, և իրենք շատ արագ կստանան այդ ազդակը` Հայաստանում նման պետական ծրագրի առկայության մասին, և հենց արտադրողն է շահագրգռված լինելու ավելի լավ գին առաջարկելու` իր արտադրությունը զարգացնելու և նոր շուկա մտնելու համար: Սա իրականում նոր, ծավալուն շուկա է բոլոր գյուղտեխնիկա արտադրող երկրների համար»,-հավելել է Իգնատի Առաքելյանը:
Իր հերթին նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը հորդորել է հանդիպման մասնակիցներին առաջիկա օրերին արդեն սկսելբանակցությունները պայմանագրերի կնքման ուղղությամբ, որպեսզի սեղմ ժամկետներում սկսվի գյուղտեխնիկայի վաճառքի գործընթացը: Նա նաև հավելել է, որ ծրագրի շահառուներ կարող են դառնալ թե’ մասնավոր հատվածի, թե’ տեղական ինքնակառավարման մարմինների կառույցներ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ծրագրի իրագործմանը վերաբերող մի շարք հարցերի, այդ թվում` հնարավոր ռիսկերին, պայմանագրերի կնքման ընթացակարգին, ներկրվող տեխնիկայի ետերաշխիքային սպասարկմանը և այլն:
Ծրագրի հիմնական նպատակը գյուղացիական տնտեսություններին մատչելի պայմաններով, մասնավորապես լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է, ինչը հնարավորություն կտա սկսել հանրապետության գյուղտեխնիկայի պարկի վերազինումը:
Շահառուները կարող են գյուղտեխնիկա ձեռք բերել մատչելի պայմաններով` 20 տոկոս կանխավճարով, տարեկան 2 տոկոս տոկոսադրույքով, 3-10 տարի մարման ժամկետով` կախված տեխնիկայի տեսակից:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին