Պարզաբանում

2017-03-04

ՀՀ ԳՆ«Հայկական ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանի կողմից օրերս մամուլում  բարձրացված մի շարք հարցադրումների վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել որոշ պարզաբանումներ:

 

2017 թվականի փետրվարի 17-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարի մոտ հրավիրվել է խորհրդակցություն, որին մասնակցել են ավելի քան 25 կարտոֆիլագործ, այդ թվում` նաև «Հայկական ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը, ով ի դեպ նաև  կարտոֆիլի տնկանյութի  խոշոր ներմուծող է:

 

Խորհրդակցության ընթացքում ի թիվս կարտոֆիլագործության զարգացմանն ուղղված մի շարք հարցերի քննարկվել է նաև Հրաչ Բերբերյանի առաջարկությունը պետական աջակցությամբ սորտաթարմացման նպատակով 500 տոննա, 200 մլն դրամ արժողությամբ կարտոֆիլի տնկանյութ ներկրելու վերաբերյալ հարցը, ինչը սակայն հավանության չի արժանացել, քանի որ խորհրդակցությանը մասնակցող կարտոֆիլագործների գերակշիռ մեծամասնությունը  չէր կիսում պարոն Բերբերյանի մտահոգությունը: Նրանք նշել են, որ յուրաքանչյուր տարի տարբեր կազմակերպությունների կողմից ներմուծվում է շուրջ 3000 տոննա բարձր վերարտադրության սերմացու, ինչը լիովին բավարարում է հանրապետության պահանջարկը, ինչպես նաև սպառվում է  և նոր ծրագրի իրականացման անհրաժեշտություն չկա:

 

Հրաչ Բերբերյանը 2017 թվականի փետրվարի 10-ին ՀՀ վարչապետին հասցեագրած իր N HB/002 գրությամբ բարձրացրել է  նաև մորմազգի մշակաբույսերի ցանքատարածքներում լոլիկի ականող ցեց վնասատուի դեմ պետական ծրագրով համատարած պայքար իրականացնելու և այդ նպատակով դելտապլանների կիրառման հնարավորության հարցը, որի  քննարկման նպատակով էլ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանի 2017 թվականի փետրվարի 20-ի N ԱշՀ/ԳՕ-2/1366-17 գրությամբ հրավիրվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն: Քննարկումը տեղի չի ունեցել, քանզի Հրաչ Բերբերյանը մերժել է հրավերը: 

 

Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ոչ թե դեմ է լոլիկի ականող ցեցի դեմ պայքար իրականացնելուն, ինչպես պնդում է Բերբերյանը, այլ նպատակահարմար չի համարում  պայքարի իրականացումը մոտո­դել­տապ­լաններով, քանի որ դրա արդյունավետությունը հիմնավորված չէ:

 

Մասնավորապես՝

-           հանրապետությունում մորմազգի մշակաբույսերի տարածքները խիստ մասնատված են, դրանք մշակվում են նաև տնամերձերում.

-           պայքարի միջոցառումները դելտապլանով կազմակերպելու համար անհրաժեշտ է ապահովել հարթ, ամուր մակերեսով առնվազն 100 մ երկարության թռիչքուղի, որը գործնականորեն անհնար է.

-           ցեցի դեմ պայքարի իրականացման համար օգտագործվող միջատասպանները թունավոր են ինչպես օգտակար միջատների (մեղուների), այնպես էլ տաքարյուն կենդանիների համար, համատարած դաշտամիջյան ճանապարհներին ևս պայքարի իրականացման դեպքում հնարավոր են ընտանի կենդանիների թունավորման դեպքեր, քանի որ հաճախ տնտեսավարողներն իրենց կենդանիներին արածեցնում են այդ տարածքներում.

-           ցեցի դեմ պայքարի միջոցառումներն անհրաժեշտ է կազմակերպել սեղմ ժամկետում: Վնասատուի դեմ ամբողջ հանրապետության տարածքում կենտրոնացված պայքար իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ առնվազն 20 դելտապլան` (մորմազգիների տարածքը շուրջ 47.0 հազ հեկտար : 600 հա, օրական 1 դելտապլանի սպասարկման առավելագույն տարածքը, = 78.3 օր)  սպասարկող  անձնակազմով: 

 

Բացի այդ, ավիացիոն պայքարի ընթացքում հնարավոր չէ ապահովել մորմազգիների հարևանությամբ մշակվող այլ մշակաբույսերի մեկուսացումը, որպեսզի դրանք չենթարկվեն թունաքիմիկատի ազդեցությանը: Եթե պտուղն այդ ժամանակ  հասունացած լինի, լրացուցիչ պեստիցիդի ազդեցությունն այն կդարձնի վտանգավոր սպառման համար:

 

Ցեցը կարգավորվող վնասատու է և ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից արդեն 3 տարի ֆերոմոնային թակարդների միջոցով իրականացվում է մոնիթորինգ, որոշվում են ցեցի դեմ արդյունավետ պայքարի ժամկետները, ինչի մասին նախարարությունն իրազեկում է տնտեսավարողներին` նշելով օգտագործվող պեստիցիդների անունները և չափաքանակները: Խորհրդատվություն են տրամադրում նաև Գյուղատնտեսության մարզային կենտրոնների մասնագետները: Իրականացված միջոցառումների արդյունքում ցեցի դեմ տնտեսավարողների կողմից իրականացվող պայքարի միջոցառումները մինչև 100 տոկոս արդյունավետ են վաղահաս կարտոֆիլի դաշտերում և ծածկած գրունտում (ջեռուցվող և չջեռուցվող ջերմատներ), վնասատուն ճիշտ պաքար իրականացնելու դեպքում կառավարելի է:

 

Վերոգրյալ հիմնավորումները նախատեսվում էր քննարկման առարկա դարձնել Հրաչ Բերբերյանի հետ հանդիպման ժամանակ, որի արդյունքում  կկայացվեր երկուստեք ընդունելի և արդյունավետ որոշում:

 

Ինչ վերաբերում է պարոն Բերբերյանի այն հայտարարությանը, թե երկու տարի առաջ անտառներում քիմիական պայքար իրականացնելու համար Վրաստանից բերվել է դելտապլան, որը վթարի է ենթարկվել օդաչուի ոչ սթափ վիճակում գտնվելու պատճառով, ապա տեղեկացնում ենք, որ երկու տարի առաջ (2015թ.) հանրապետության անտառային տարածքներում ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ չեն իրականացվել: Նշված միջադեպը տեղի է ունեցել 2005 թվականին, վթարի է ենթարկվել ԽԱ-32 մակնիշի ինքնաթիռը՝ օդաչուի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով (ըստ դատաբժշկական եզրակացության՝ սրտի կաթված): ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից անտառային տարածքներում վնասակար օրգանիզմների դեմ ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներն իրականացնում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի համապատասխան մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը (2012-2013թթ.՝ «Ագրո էյր սերվիս» ՍՊԸ-ն, իսկ 2014 և 2016 թթ.՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը «ԱրմԱէրո» կազմակերպությունից վարձակալած ուղղաթիռով):

 

Տեղեկացնում ենք նաև,  որ կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդ և կոլորադյան բզեզ վնասատուները հանրապետության տարածքում գրանցվել են դեռևս 1970-ական թվականների սկզբին: Դրանցից առաջինը այժմ էլ ընդգրկված է Հայաստանի Հանրապետությունում սահմանափակ տարածված կարանտին վնասակար օրգանիզմների ցանկում, իսկ  կոլորադյան բզեզը կարգավորվող ոչ կարանտին վնասատու է, և տնտեսավարողների կողմից պայքարի ճիշտ միջոցառումներ իրականացնելու դեպքում դրա հասցրած վնասը չի գերազանցում 3-5%-ը:

 

Բացի վերը նշվածից, «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` բուսասանիտարիայի ոլորտում ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել գյուղատնտեսական հողատեսքերի, ցանքերի և տնկարկների կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների դեմ պայքարի համալիր միջոցառումների իրականացումը:

 

Եվս մեկ անգամ կարևոր ենք  համարում ընդգծել,  որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն աշխատում է բաց և թափանցիկ և պատրաստակամ է  քննարկել մասնավոր  և հանրային հատվածի կողմից ներկայացված գյուղոլորտին առնչվող  բոլոր հիմնավորված առաջարկությունները, իրականացման հնարավորությունները, որոնք միտված են գյուղատնտեսության զարգացմանը և բխում են հանրային շահից:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Տպել