ՀՀ գյուղատնտեսության նախարարը մասնակցել է Ֆերմերական կոնգրեսին

2017-02-28

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցել է Հայաստանում ացկացվող Ֆերմերական կոնգրեսին, որը կազմակերպել էր Օքսֆամ Հայաստանյան գրասենյակը Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի հետ համատեղ:  Միջոցառմանը ներկա էին շուրջ հարյուր ֆերմերներ և կոոպերատիվների ներկայացուցիչներ հանրապետության  տարբեր մարզերից, ինչպես նաև ոլորտի զարգացման գործում ներգրավված տեղական և միջազգային կազմակերպություններ:

 

Ողջունելով կոնգրեսի մասնակիցներին` նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ միջոցառումը հնարավորություն է ընձեռում ֆերմերների հետ համատեղ քննարկել հարցեր, որոնք հետագայում կարող են ընդգրկվել 2018 թվականի գյուղատնտեսության զարգացմանն ուղղված  ծրագրերի մեջ:

 

Իր խոսքում նախարարն անդրադարձել է պետության կողմից գյուղոլորտի աջակցությանն ուղղված ծրագրերին: Իգնատի Առաքելյանը նշել է, որ այս տարի կշարունակվեն պարարտանյութերի և գարնանացան սերմացուի սուբսիդավորման  ծրագրերը, կպահպանվեն գներն ու ծավալները, ավելի մեծ ուշադրություն կդարձվի հասցեականության ապահովմանը: Միաժամանակ նախարարը նշել է, որ նախկինում դիզվառելիքի սուբսիդավորման համար հատկացվող  և պարարտանյութերի ծրագրից մրցույթի արդյունքում տնտեսված գումարները կուղղվեն գյուղտեխնիկայի ձեռքբերման ծրագրի սուբսիդավորմանը:  Նախարարը տեղեկացրել է, որ առաջիկայում կմեկնարկի լիզինգային ծրագիր, որը բավականին մատչելի պայմաններ  է նախատեսում գյուղացիական տնտեսությունների համար, այն է` 20 տոկոս կանխավճար, տարեկան 2-3 % տոկոսադրույք և 3-ից մինչև 10 տարի մարման ժամկետ:

 

«Այսպիսով, տնտեսված գումարներն ուղղվելու են մատչելի տոկոսով ֆինանսական գործիքի ստեղծմանը և ֆերմերների համար մատչելի գներով գյուղտեխնիկայի ձեռքբերման համար պայմանների ապահովմանը: Իմ կարծիքով, պետք է ստեղծել բազային հնարավորություն, որ ցանկացած տնտեսություն կարողանա մատչելի գնով գնել գյուղտեխնիկա», – հավելել է նախարարը:

 

Իր ելույթում Իգնատի Առաքելյանն կարևորել է ոռոգման կաթիլային համակարգի և հակակարկտային ցանցերի ներդրումը` միաժամանակ նշելով, որ մասնագիտացված ընկերությունների հետ հաշվարկներ են իրականացվում այս համակարգերի ներդրման հարցում երկարաժամկետ և էժան վարկային ռեսուրսների ներգրավման հնարավորությունն ուսումնասիրելու նպատակով: Նախարարն ընդգծել է նաև ագրարային ոլորտում բարձրակարգ մասնագետների պատրաստման  անհրաժեշտությունը, սննդամթերքի որակի և անվտանգության ուղղությամբ լայնամաշտաբ աշխատանքների իրականացումը, այդ թվում`  պարտադիր սպանդանոցային մորթի անցման հարցը, որի վերաբերյալ որոշումն այս պահին շրջանառության մեջ է, ինչպես նաև բուսաբուծության ոլորտում սերմնաբուծարանների, իսկ անասնաբուծության ոլորտում` տոհմաբուծարանների կայացումը:

 

 «Այս միջոցառման նպատակն է ստեղծել երկխոսության հարթակ ֆերմերային տնտեսությունների և ոլորտում քաղաքականություն մշակող մարմնի` ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջև` դրանով իսկ հնարավորություն ընձեռելով ձեզ ներկայացնել առաջարկություններ նախարարին, ինչպես նաև կիսվել  միմյանց հետ հաջողված փորձով», -  բացման խոսքում նշել է Օքսֆամ Հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը: Նա նաև հույս է հայտնել, որ նման ձևաչափով միջոցառումները կկրեն շարունակական բնույթ:

 

Այնուհետև նախարարը պատասխանել է միջոցառման մասնակիցների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին գյուղատնտեսության  վարկավորմանը,  գյուղմթերքի և սերմերի ներկրումներին, գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերմանը, օրգանական գյուղատնտեսությանը, կաթի գնագոյացմանը, ինչպես նաև կոոպերացիայի զարգացմանը: 

 

Միջոցառումը կազմակերպվել է Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Հարավային Կովկասում պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարությունների և մանր ֆերմերական արտադրության միջոցով» քառամյա ծրագրի շրջանակում:

 

Ֆերմերական կոնգրեսի նպատակն է նպաստել գյուղատնտեսության և մանր ֆերմերական տնտեսությունների վերաբերյալ ռազմավարական քննարկումների ծավալմանը, ինչպես նաև հնարավոր լուծումներ գտնելու գործընթացին:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

 հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել