Իգնատի Առաքելյան. Պետական աջակցության ծրագրերի արդյունքում տնտեսվել են գումարներ, որոնք կուղղվեն գյուղտեխնիկայի սուբսիդավորմանը

2017-02-16

1Այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են 2017 թվականին իրականացվող պետական աջակցության ծրագրերը և ընթացիկ խնդիրները:

 

Նախարարը նշել է, որ պետական աջակցության ծրագրերով անցկացված մրցույթների արդյունքում ընթացիկ տարում հնարավոր է եղել գումարներ տնտեսել, որոնք կուղղվեն նոր ծրագրի` գյուղտեխնիկայի ձեռքբերման սուբսիդավորմանը:

 

Մասնավորապես «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակում տարբեր ախտորոշիչ և համաճարակային միջոցառումներ կատարելու համար պատվաստանյութերի ձեռքբերման նպատակով նախատեսված 456 մլն դրամից բանակցությունների արդյունքում տնտեսվել է շուրջ 30 մլն դրամը:

 

«Եթե նախորդ տարի ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տրամադրել էր 4 մլրդ դրամի բյուջետային վարկ պարարտանյութ ներկրելու և մոտ 2 մլրդ 110 մլն դրամ սուբսիդավորման համար, ապա ընթացիկ տարում պարարտանյութերի տրամադրման ծրագրի սուբսիդավորմանը նախատեսվում է ուղղել ընդամենը 900 մլն դրամ, ինչի արդյունքում հնարավոր կլինի տնտեսել մոտ 1 մլրդ 200 մլն դրամ»,-նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

 

Նախարար Իգնատի Առաքելյանի տեղեկացմամբ` պարարտանյութերի մատակարարման մրցույթում հաղթող են ճանաչվել նվազագույն գնային առաջարկ ներկայացրած Մասիսի «Բերրիություն», ռուսական «Տորգովիյ դոմ Դոնսկոյ Ագրոխիմցենտր» և իրանական պարարտանյութ ներմուծող «Բարան գրուպ» ընկերությունները: Սուբսիդավորման արդյունքում պարարտանյութը գյուղացիական տնտեսություններին կտրամադրվի նախորդ տարվա գներով:

 

Անդրադառնալով մթերման դիմաց պարտքերի վճարումներին` նախարարը նշել է, որ այս պահի դրությամբ ընդհանուր պարտքը, ըստ մթերողների ներկայացրած տվյալների, կազմում է շուրջ 1 մլրդ 467 մլն դրամ: Նախարարը հավաստիացրել է` Գյուղնախարարությունը մշտական կապի մեջ է մթերող կազմակերպությունների հետ և հետևում է մարումների գործընթացին, կազմված է մարումների ժամանակացույց, համաձայն որի մինչև հունիս ամիս պարտքերի 90 տոկոսն արդեն մարված կլինի (փետրվարին` շուրջ 586 մլն, մարտին` 415 մլն, ապրիլին` 160 և այլն):

 

Իգնատի Առաքելյանը լավ նորություն ուներ «Վինար» ընկերության պարտատերերի համար. նրանք շուտով ամբողջությամբ կստանան իրենց հասանելիք գումարները: Դատախազությունից, որը Գյուղնախարարության միջնորդությամբ քննում է «Վինարի» գործը, օրերս տեղեկացրել են, որ այս պահին գործարանի պահեստներում առկա է 12 հազար դեկալիտր սպիրտ, որը ՊԵԿ-ի քննչական վարչությունը կապարակնքել է, իսկ այդ քանակը բավարարում է, որպեսզի գյուղացիական տնտեսություններին ունեցած պարտքերն ամբողջությամբ մարվեն: Նախարարի խոսքով` մի քանի օր ժամանակ է տրվել ընկերությանը իրացումը կազմակերպելու համար, և եթե «Վինարը» սպիրտը չիրացնի, ապա նախարարությունը դարձյալ կմիջամտի և կկազմակերպի վաճառքը:

 

Նախարարի տեղեկացմամբ` հաջորդ շաբաթ գյուղտեխնիկայի տրամադրման ծրագիրն արդեն կներկայացվի քննարկման, նախատեսվում է ապահովել շատ ցածր տոկոսադրույքներ, որպեսզի բոլոր վարկունակ գյուղացիական տնտեսությունները, կոոպերատիվները, համայնքներն առանց սահմանափակումների կարողանան ձեռք բերել իրենց անհրաժեշտ տեխնիկան:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել