ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Ջոն Քյուրին
2017-02-01
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քյուրի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման սկզբում դեսպան Քյուրին ընդգծել է, որ համագործակցությունը գյուղատնտեսության բնագավառում հայ-կանադական հարաբերությունների առաջնային ուղղություններից է, և կանադական կողմը մտադիր է ակտիվացնել գործարար կապերը Հայաստանում: Նշելով, որ այս տարի լրանում է ՀՀ-ի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը` դեսպանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում նախատեսվում է Հայաստանում իրականացնել մի շարք միջոցառումներ, այդ թվում` նաև գյուղատնտեսության ոլորտում: Այդ նպատակով Ջոն Քյուրն առաջարկել է Կանադայի անասնաբուծության գենետիկ ասոցիացիայի, Կանադայի խոզի մսի և Կանադայի անասնակերի և արոտավայրերի ասոցիացիայի և Հայաստանի Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի (CARD) միջև փոխըմբռնման հուշագիրը ստորագրել մարտ ամսին Երևանում:
Հուշագրի ստորագրումից բացի, նախատեսվում է նաև կանադացի գործարարների այց Հայաաստան: Միաժամանակ դեսպանը հավելել է, որ կանադական կողմը նպատակադրված է կազմակերպել նաև հայ բիզնեսմենների այց Կանադա` տեղում գյուղատնտեսության բնագավառում երկրի փորձը ուսումնասիրելու և գործարար կապեր հաստատելու նպատակով:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը իր գոհունակությունն է հայտնել երկու երկրների միջև ագրոպարենային համալիրում ձևավորված սերտ համագործակցության առթիվ: Երկկողմ համագործակցությունն ավելի ամուր հիմքերի վրա դնելու նպատակով նախարարն առաջարկել է քննարկել համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը` պատրաստի արտադրանքը հետագայում ԵՏՄ երկրներ արտահանելու հեռանկարով:
«Մենք ուրախ ենք, որ կանադական ագրարային բիզնեսը մուտք է գործում Հայաստան, և մեր կողմից պատրաստ ենք հնարավորինս աջակցել երկկողմ ծրագրերի իրականացմանը», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Անդրադառնալով գյուղատնտեսության բնագավառում Կանադայի հետ համագործակցության առավել հեռանկարային ճյուղերին` ՀՀ գյուղատնտեսության նախարարը, մասնավորապես մատնանշել է տավարաբուծության և խոզաբուծության ոլորտները: Կարևորելով Կանադայում մասնագիտացված ճյուղային խորհուրդների մեծ ազդեցությունը մասնավոր հատված-պետություն հարաբերություններում` նախարարն ընդգծել է, որ այս հարցում կանադական փորձն ուսանելի է Հայաստանի համար և հայկական կողմը կուսումնասիրի դրա տեղայնացման հնարավորությունը Հայաստանում:
Հանդիպման ընթացքում դեսպան Ջոն Քյուրն առաջարկել է Իգնատի Առաքելյանին այցելել Կանադա` իր գործընկերոջ հետ հանդիպելու և փոխգործակցության շրջանակների ընդլայնման նպատակով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին