Քննարկվել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ գյուղոլորտում համագործակցության հնարավորությունները
2017-01-19
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը նախօրեին հյուրընկալել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրենների խորհրդի անդամ, հոլանդական խմբի ղեկավար Ֆրանս Վիկերսին` գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաուման:
Ֆրանս Վիկերսը նշել է, որ ներկայիս պաշտոնում սա իր առաջին այցն է Հայաստան, որը նպատակուղղված է ծանոթանալու մեր երկրի տարբեր ոլորտներին, այդ թվում` գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությանը, զարգացման ուղղություններին և մարտահրավերներին: ՎԶԵԲ ներկայացուցիչը հավելել է, որ բանկը հետաքրքրված է ներդրումներ իրականացնել և վստահելի գործընկերներ գտնել հատկապես սննդի վերամշակման ոլորտում:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին` Արմեն Հարությունյանը հակիրճ ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին արձանագրված զարգացումները, հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, կառավարության որդեգրած քաղաքականության և ռազմավարական զարգացման առաջնային ուղղությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ ծավալած համագործակցության արդյունքները:
«Գյուղատնտեսությունը մեր երկրում դեռևս ունի զարգացման մեծ չիրացված ներուժ: Մեր հիմնական տեսլականն է խրախուսել և օժանդակել առևտրային և ժամանակակից գյուղատնտեսության գիտելիքահեն զարգացումը, որում առաջնային դերակատարում ունեն նորարարական տեխնոլոգիաները: Այս համատեքստում կառավարությունը կարևորում է հատկապես խոշոր ներդրումային ծրագրերի խրախուսումը, որոնք իրենց հետ բերում են գիտելիք, բարձր տեխնոլոգիաներ, աշխատատեղեր և նոր շուկաներին հասանելիություն»,-իր խոսքում մասնավորապես նշել է փոխնախարարը:
Արմեն Հարությունյանն առաջարկել է քննարկել ՎԶԵԲ-ի կողմից ուղիղ ֆինանսավորման գորիծիքի կիրառման հնարավորությունը` հաշվի առնելով Հայաստանում տնտեսավարողների համար մատչելի վարկային ռեսուրսների ներգրավման խնդիրը: Ի պատասխան` ՎԶԵԲ տնօրենների խորհրդի անդամ Ֆրանս Վիկերսն առաջարկել է հարցը քննարկել առաջիկայում:
Փոխնախարարը կարևորել է ջերմոցային տնտեսությունների զարգացման, ինտենսիվ այգիների հիմնման, հատապտուղների արդյունաբերության, վերամշակման ոլորտի, այդ թվում` կաթնամթերքի արտադրության արդիականացման ուղղությամբ ֆինանսավորումը:Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին