ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են ոռոգման համակարգի բարելավման ուղիները
2017-01-10
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր ոռոգման ջրի մատակարարման հիմնախնդիրներին ու դրանց լուծման ուղիների ուսումնասիրմանը նվիրված քննարկում, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Հանդիպմանը ներկա էին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, այլ ներկայացուցիչներ:
«Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարականի` այսօր կազմակերպել ենք քննարկում շահագրգիռ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի նպատակն է քննարկել ոռոգման համակարգի բարելավմանը, ոռոգման ջրի հասանելիությանն ու մատչելիության ապահովմանն առնչվող խնդիրները, առաջիկայում ոլորտում նախատեսվող ծրագրերը, նախանշել այն համատեղ քայլերը, որոնք մենք կարող ենք ձեռնարկել ոռոգման բնագավառի զարգացման ուղղությամբ», – նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նախարարը համառոտ ներկայացրել է քաղաքացիների կողմից հաճախ բարձրացվող հարցերը, որոնք հիմնականում վերաբերվում են ոռոգման ջրի հաշվառմանը և ջրամատակարարման ռեժիմի չպահպանմանը, ինչը հանգեցնում է բերքատվության կորուստի: Անդրադարձ է կատարվել որոշ համայնքների ոռոգելի հողատարածքներում ոռոգման նորմաների նորմատիվային ջրապահանջարկի գերազանցմանը:
Այս և ոլորտում առկա այլ խնդիրների լուծման համար նախարարն ընդգծել է ոռոգման արդյունավետ եղանակների, մասնավորապես` կաթիլային համակարգի ներդրման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում արծարծվել են չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի վերաբերյալ տեղեկատվական շտեմարանի ստեղծման անհրաժեշտության, տեղեկատվական բազաների փոխանակման նպատակով շահագրգիռ պետական մարմինների ավելի սերտ համագործակցության հարցերը:
Ոռոգման ջրի հասանելիության ապահովման և ջրի կորուստների կրճատման նպատակով ընդգծվել է հողերի խոշորացման անհրաժեշտությունը:
Ոռոգման ոլորտի կառավարումն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով նախարար Իգնատի Առաքելյանը շեշտել է ըստ մարզերի ոռոգելի հողատարածքների, ոռոգման ջրի համակարգերի գույքագրման կարևորությունը:
Ջրամատակարարման խնդիրները մինչև ոռոգման սեզոնի մեկնարկը հանգամանորեն ուսումնասիրելու և կարգավորելու նպատակով քննարկման արդյունքում որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ` բոլոր շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, որը կուսումնասիրի առկա խնդիրները և առաջարկություններ կներկայացնի ՀՀ կառավարություն:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին